Մանուկ Սահակյանի հիշատակին

Զվարթնոցի արծիվն ընկավ Արցախի լեռներում

20 տարի առաջ, այս նույն օրը, Մոխրաթաղում էի, իսկ մեկ օր առաջ՝ «Գուլշան թափեհ»- ում, ուր ազատագրական բանակի մեկ մասը, Հովսեփ Հովսեփյանի հրամանատարությամբ, զինավարժություն էր անուն … Այստեղ հանդիպեցի ազատագրական բանակի քաջարի ֆիդայիններին:

Նա, ով չի եղել Արցախում պատերազմի օրերին, դժվար կարող է պատկերացնել այն խանդավառությունը, որը տիրում էր հայրենի հողի ազատագրող զինվորների շարքերում: Հովսեփը ասում էր.« Այս տղաներն ու աղջիկները, Մարտակերտի գյուղերի երեխաներն են և կռվի դաշտը լավ են ճանաչում»: Խմբում կային նաև սփյուռքից և Հայաստանից, նրանց մեջ էր, Զվարթնոցից, Մանուկ Սահակյանը՝ Մանչը :

Ես հիմա դժվարանում եմ նկարագրել իմ հանդիպման անմոռանալի դրվագները ազատագրական բանակի քաջարի զինվորների հետ, հակառակ այն բանի, որ մեր հանդիպման տեսաժապավենը, իմ կողմից նկարահանված, դիտել եմ հարյուր անգամ և այն ցուցադրել եմ Հայաստանի ու Արցախի հեռուստատեսություններից: Խոսում էի, նկարահանումներ էի կատարում, Մանչին նկարեցի, երբ տանկն էր վարում, մանևրում էր տանկով՝ փորձելով տեխնիկայի հուսալիությունը, մերթ գլուխը հանելով տանկի խցիկից, ինչ- որ բան էր ասում, մերթ կորչում էր տանկի մեջ… Ո՞վ կարող էր երևակայել, որ այդ պատկերը Մանչի հերոսական կյանքի վերջին պատկերն է լինելու:

Հուլիսի 26-ի երեկոյան Մոխրաթաղ գյուղը ազատագրելու հրաման տրվեց… Մանչը իր հրամանատարական կերպարում էր, մեկ- մեկ ստուգում էր զինվորների զենքերը, համապատասխան խորհուրդներ էր տալիս ու գրանցումներ կատարում իր ծոցատետրում: Գիշերը ոչ ոք չքնեց, զենքերը ու զինամթերքը կրկին ու կրկին ստուգում էին, երբեմն կատակներ անում և պատրաստվում հերթական հարձակման այն հաստատ համոզմամբ, որ Մոխրաթաղը ազատագրելու են…

Լուսաբացի աղոտ լույսով նշմարվում էին Արցախի սաղարթաշատ լեռնագագաթները, երբ հարձակման վերջնական հրաման տրվեց… Բոլորս լուռ գրկախառնվեցինք, գրկախառնվեցի նաև Մանչի հետ… Առաջամարտիկները մեկնեցին, իսկ ծանր հրետանին շարժվեց, երբ արդեն լույսը բացվել էր: Մոխրաթաղ գյուղի մատույցներում հարձակման էին պատրաստվում զրահապատ տանկերը ,և ռադիոն կապ էր պահում առաջամարտիկների հետ:

Ճակատից հաղորդում էին, որ ամեն ինչ լավ է ընթանում, մատույցներում աշխուժություն էր: Ծանր տեխնիկան հարձակման հրաման ստացավ: Այդ ոգևորության աննկարագրելի տեսարանը ես հավերժացրի իմ պատկերահանման խցիկով :

Հուլիսի 27 –ի առավոտյան, շուրջ ժամը տասն էր, ռադիստ Սամվելի կողքին հետևում էինք ճակատի լուրերին, և հանկարծ այլայլվեց մինչ այդ մարտականորեն տրամադրված Սամվելի դեմքը: Բոլորս լռեցինք, նրա աչքերը արտասուքով լցվեցին: Զվարթնոցի արծիվը ընկել էր Արցախի լեռներում: Մանչը զոհվեց…

Արամայիս Միրզախանյան,
Ստոքհոլմ, 27 Հուլիս, 2012