Պալատական որոշումով չէ, որ հերոսի կոչում է շնորհվում

Մայրամուտ էր համատարած,
Եվ նրանց համար,
Ում արևը կիզակետումէր,
Եվ նրանց համար,
Ում արևածագը նոր էր ավետվել:

1992թ. հունիսի 21-ին հայոց երկնակամարից մի վառ աստղ պոկվեց և գնաց դեպի անմահություն և հանգչելուց հետո էլ դեռ երկար լուսավորելու է մեզանից շատերի երկրային ուղին. վեհ զոհաբերություն հայոց բագինին:

Հունիսի 21… գերեզմանների օր… հիշատակի օր… այցելում եմ գերեզմաններ դեպի ներս հոսող արտասուքներով: Խռով եմ կյանքից, մենակ եմ և լքված:

Խռովք կա հոգումս, որ լավագույնները չկան: Նրանք, որ առավելագույնս ի զորու էին կրելու ազգի հոգսը, որ պիտի կառուցեին մեր նորօրյա բանակը, որը ի սկզբանե նրանց գաղափարախոսության պակաս ունի: Բանակը, որ մեր աշխարհագրական դիրքով երկրի ամենաառաջին հիմնասյունը պիտի լինի, ամենաշատ գաղափարախոսության պակասից կամ, ավելի ճիշտ, բացակայությունից է տառապում:

Եվ ուրիշներին նսեմացնելով չէ, որ անարժանորեն զբաղեցնում են հայոց բանակի ամենաբարձր պաշտոնները և չունեն նրա ոգու ոչ զորությունը, ոչ գաղափարախոսությունը և ոչ էլ հայրենասիրություն: Նրանց համեմատությամբ չէ, որ պիտի վեհացնեմ, քանզի նրանք վեհացել են իրենց անմնացորդ նվիրումով և հայրենիքի համար կյանքը զոհաբերելով:

Իր նահատակների դեմ մեղանչող ժողովուրդը                                                                         մեղանչում է իր ապագայի դեմ:                                                                                                                                    Գ.Նժդեհ

Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան: Ծնվել է 1942 թ. Նոյեմբերի 22 – ին: Մենք զինակիցներ ենք: Ինքն` իմ հազվագյուտ կուռքերից մեկը, որ միշտ իմ կորովի հիմնաքարերից մեկն է լինելու, իմ դաստիարակներից մեկը, որ միշտ իմ կորովի հիմնաքարերից մեկն է լինելու, իմ դաստիարակներից մեկը, որոնք իրենց օրինակով են դաստիարակում և միաժամանակ պարտավորեցնում են արժանի լինել իրենց: Ինքը կյանքիս միակ հրամանատարն է, ես իր հավատավոր զինվորը և, թերևս, միակը, որին երբևէ ինքը չհրամանատարեց, որովհետև մենք ծանոթացանք, երբ նա արդեն երկնքում էր և խառնվել էր մեր ազգի մեծ մեռելների շարքին, երբ արդեն ոչ թե նա, այլ իր գործերը և իր գաղափարներն էին ինձ հրամայողն ու իմ դաստիարակը: Ծանոթացա նրա հետ իր զինվորների ( արդեն իմ զինակիցների )  միջոցով: Նրանք ամենքը իր գաղափարախոսության, մարդկային արժանիքների կրողներն էին: Յուրաքանչյուրի հոգու խորքում Լեոնիդի մասունքն էր պահված: Ես չէի հագենում և մարտերի դադարի ընթացքում փորձում էի էլի ինչ – որ պակաս լրացնել` նրա կերպարն իմ մեջ ամբողջական դարձնելու համար:

Չնսեմացնելով մերօրյա ազատամարտի  ոչ մի մասնակցի, այնուամենայնիվ , հանուն ճշմարտության, պետք է նշեմ, որ սակավ էին նրանք, որ գաղափարի զինվոր էին: Քիչ էին գաղափարակիրները, ուր մնաց` գաղափարախոսները: Լեոնիդը բնածին գաղափարախոս էր:

Լեոնիդը ( հունարեն` առյուծ )  ոչ միայն գիտեր մարտերում առյուծանալ իր անվան վայել, այլ նաև հարյուրներին առյուծացնել ու մարտի մղել: Հեթանոս էր էությամբ, զորեղ` ոգով, ազնիվ` հոգով:

Մարտադաշտում երկու  հրամանատար ունեի.` նժդեհյան գաղափարախոսությունը և Լեոնիդի հոգին, որ կարծես թե դեռևս երկնքի ու երկրի մեջտեղում էր գտնվում, քանզի առկա էր իր զինակիցներից յուրաքանչյուրի հոգու մեջ, շատերը Լեոնիդի պատկերը հոգու մեջ էին գնում մարտի` դրանով դառնալով ավելի անպարտելի, ավելի առյուծավայել:

Տարբեր էին նրա զինակիցները, տարբեր նախասիրություններով, տարբեր` աշխարհայեցողությամբ: Բայց որքան տարբեր էին նրա զինակիցները, այնքան բազմաթիվ էին նրա առաքինությունները:

Նրա մագնիսը բազմաբևեռ էր:

Մի մասին ձգտում էր դեպի իրեն իր գաղափարախոսության վեհությամբ, մի մասին` իր հայրենասիրության խորությամբ, մյուսներին` իր մարդկային բարձր հատկանիշներով…

Չգիտեմ` մեր ընդհանուր գործը, մեր բանակն ինչ կորցրին, որ մեր ուղիներն այդպես էլ  չխաչաձևեցին: Բայց այն, ինչ կորցրել եմ ես, անհնար է թվել, անհնար է գերագնահատել, և, երևի թե, անհնար է երբևէ այդ բացը լրացնել: Անհնար է լրացնել թեկուզև այն պատճառով, որ սերնդափոխություն չեղավ: Իսկ ողջերի մեջ դժվար թե լինի մեկը, ով կարողանա գաղափարախոսության հետ կապված առավել մեծ դաստիարակ լինել, մանավանդ` այդ բնագավառում կաևոր է անձնական օրինակը` թե ինչ զոհողությունների ես գնացել հանուն քո գաղափարների: Պակաս կարևոր չեն անձի վեհությունը, մարդկային որականիշները: Եվ Լեոնիդին ոչ ոք ի զորու չէ փոխարինել, քանզի գաղափարախոսության և հայրենասիրության խորությունը պետք է սեփական անձնազոհությամբ և նվիրվածությամբ  ցուցադրել:

Անդառնալի և աններելի է այս կորուստը ոչ միայն իմ և իր բազում զինակիցների, այլև մեր նորաստեղծ, բայց, ցավոք, գաղափարական հենք չունեցող բանակի և վերածնվող մեր պետականության համար:

Փառք այն խենթերին, որ ապրում են այնպես,                                                                                ասես անմահ են, և անմահանում են իրենց խենթացնող մահով:

Այն ազգը, որը կարճ հիշողություն ունի , որը մոռանում է իր նահատակներին, դատապարտված է նորանոր նահատակությունների: Մեր կյանքն ամբողջովին ներծծված է նրանց արյունով: Մեր կյանքը, պետական այրերից ոմանց բազկաթոռները: Արևածագի և մայրամուտի կարմիրը մեր նահատակների թափված արյան արտացոլանքն է, նրանց ովքեր իրենց կյանքի արևածագին դիմավորեցին մայրամուտը: Եվ իրենց մայրամուտով է, որ ապահովել են մեր նորածին պետականության արևածագը:

Ես տառապում եմ ամենքի ցավով,
Եվ մոռանում եմ իմ ցավերն անգամ,
Ես մահանում եմ ամեն մի մահով
Եվ հեռանում եմ այս կյանքից մաս – մաս:

Նա իրավունք չուներ զոհվելու: Նա, որ յուրաքանչյուր  բջջիջով զգում էր ժամանակը, զգում ազգի բոլոր հոգսերը: Նրա անհատականությամբ ազգի տաճարից մի անկյունաքար էլ պակասեց: Մեկ տարի անց հունիսի 21 – ին, երբ պիտի նրա ողորմաթասը խմեինք, կոկորդս խեղդում էր, և բառեր այդպես էլ չծնվեցին, զգալով, որ այլևս անզոր եմ զսպել արցունքներս, բաժակը խփեցի սեղանին և փշրելով այն, դուրս եկա, որպեսզի ոչ ոք իրավունք չունենա տեսնել արցունքներս:

Հունիսի 21 … Հիշողության և վերապրումների օր :

Վերաիմաստավորման օր: Վերաարժեքավորման օր: Եվ նորից կոկորդս խեղդում է նրա համար , որ ամենաարժանավորներն արժանավայել չգնահատվեցին: Եվ արցունքներս անկարող եմ զսպել, որովհետև նրանց կորստից վեց տարի անց էլ ոմանք չկարողացան մի կողմ դնել անձնական ամբիցիաներն ու “չներեցին “ նրանց (“Ուշ – ուշ են գալիս, բայց ոչ ուշացած… Դրա համար էլ չեն ներում նրանց “):

Եթե Հայաստանում գեթ մեկն արժանացել է հերոսի կոչման ,ուրեմն Լեոնիդն էլ արժանի էր այդ կոչմանը, մնում է կռահել այն պատճառները, թե ինչու Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվածների 200 – ի սահմանն անցնող ցուցակում չկար նրա անունը:

Փոխարենը ցուցակում կային բազում անարժանների , այդ թվում նաև նվաստիս անունը:

Գրում եմ ու անընդհատ Սարոյանի խոսքերն են ալեկոծում հոգիս և սղոցում ուղեղս . “Ես ոչ մեկին չեմ դիմում, պարզապես ինչ – որ բան սխալ է “ :

Հունիսի 21 … Իմ օրացույցի ամենասև օրերից մեկը: Եվ կուզեի, որ թեկուղ այցելենք մեր բոլոր նահատակների շիրիմները և հպարտություն ունենանք ծնկի գալու նրանց շիրմաքարերի առջև ու խոստովանելու, որ նրանք մեզանից առավել են բազում հատկանիշներով և նույնիսկ տարիներ անց առավել կենդանի են, քան մենք: Նրանք ավելի են իմաստավորում մեր գոյը, քան մենք` ողջերս: Եվ իշխանավորները չէ, որ պետք է շնորհեն հերոսի կոչումներ: Ժողովուրդ վաղուց է Լեոնիդին է հերոս կոչել, և համոզված եմ, որ ժողովուրդը նման կերպարներով է դաստիարակելու նոր սերունդներին, և այդ կերպ է հնարավոր նոր առյուծներ` նոր Լեոնիդներ ծնել ,որպիսիք դարը մեկ անգամ է ծնում:

Նրա բազում ներդաշնակված արժանիքներով անխոցելի կերպարներ է: Եվ ժողովուրդը պալատական որոշումներով չէ, որ նրանց պիտի հերոս կոչի: Հերոսի կոչման որոշումը բոլոր ժամանակներում ժողովուրդն է կայացնում, իսկ կնիքը որոշման տակ դնում է ժամանակը:

Գագիկ Գինոսյան, 21 . 06. 2000 թ.: