«Սա Հայաստան է եւ վերջ»

ՀՀ և ԼՂՀ Առաջին աստիճանի “Մարտական խաչի” ասպետ, “Ազատագրական բանակի” գլխավոր հրամանատար ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ծննդյան 60 և մահվան 10- ամյակների առթիվ

Մեծություններ կան, որոնց նախքան առնչվելը, ինքդ քեզ հարց ես տալիս`արդյո”ք ես ունեմ դրա իրավունքը: Պատասխանը կախված է նույն այդ մեծությունների մեծությունից` նրանց հզորությունից, խորությունից: Մեծություններին սխալ մոտենալու դեպքում հավանական է փշրվես: Նրանց սահմանած բարձունքը դժվար է հաղթահարել, պետք է զգուշանալ հավանական գահավիժումից: Նրանց խոսքերը շատ ավելի անհատական են և հավանական է` ելքի ճանապարհ չգտնես: Ինչպե”ս վարվել:

Այստեղ, հավանաբար, ելակետ պետք է ընդունել նպատակի վեհությունը, որը քեզ անվարան մղում է առաջ, դարձնում ոչ միայն պարտավորված, այլև գայթակղում մաքրագործվելու, ուժեղանալու և հաղորդակցվելու սրբազան ծիսակատարությանը մասնակցելու բերկրանքով:

Մեծություն է ազգային հերոսը:

Ժողովուրդն իր հերոսի իսկական գնահատականը տալիս է նրա կենդանության օրոք :Ժողովրդի գնահատականն ամենաբարձրն ու արժեքավորն է: Անսակարկելի է: Իսկ պետությո”ւնը… Ե”րբ է պաշտոնապես գնահատելու ազգային հերոսին…

Ազգային հերոսները հատկանիշներ ունեն: Մեկի գնահատականը , սակայն, երբեք մյուսի հաշվին չի լինում: Նրանք, օրինակ, հայրենիքի համար ամենածանր, օրհասական պահերին առաջին հերթին սկսում են մաքրել… գաղափարական ավերակները` մերժելով ու բացառելով բարոյական ու քաղաքական որևէ աբսուրդ : Նրանք դառնում են շատ իրատես և գործնական: Խստապահանջ: Առանց սենտիմենտալությունների:

Այստեղից սկսվում է հերոսի` հերոսականության տանող ուղին: Գաղափարական այդ անհատները միշտ և ամենուրեք ամեն գծում են: Միշտ առաջինն են և միշտ անհաղթ: Ժան – Ժակ Ռուսսոն ասում էր . “ Առաքինության ամենամեծ սխրանքները կատարվել են հայրենիքի հանդեպ ունեցած սիրուց”: Այդ սիրո արդյունքում ազգային հերոսները հայրենիքի զոհասեղանին են դնում ամենաթանկը` իրենց կյանքը:

Արցախյան ազատամարտի մեր առաջին հերոսները… Մտավորական հերոսները… Գաղափարական… .

Որպես տեսակ` նրանք դավանում են անանց գաղափարներ: Որպես տեսակ` նրանք մեզ համար չափանիշ են և դաստիարակ: Որպես տեսակ` նրանք իրենցով նաև հայրենիք են խորհրդանշում և հայրենիքը զարդարում… իրենցով:

Իր անձնական, անհատական նկարագրի անզուգականությամբ, առաքինությամբ, դաստիարակությամբ, փառահեղ ու շենշող արտաքինով, մտավոր ունակությունների հարստությամբ և, առհասարակ, իր առաքինությամբ ու եզակի հմայքով Լեոնիդ Ազգալդյանն իսկական ազնվական հերոս էր: Գաղափարախոս: Անհատի այս տեսակը իր ապրածով պարտավորեցնում է, մահով` խենթացնում…

Աշխատում էր Երևանի հաշվիչ կենտրոններում: Հայաստանի պետպլանի հաշվիչ կենտրոն ,ԵՊՀ ,,Լազերային տեխնիկա “ գիտահետազոտական ինստիտուտի հաշվողական կենտրոնի տնօրեն: Իսկ նորօրյա ազատամարտի սկզբին պարզվեց, որ նաև բարձր մակարդակի զինվորական գործիչ է` օժտված պետական մտածողությամբ, քաղաքական հեռատեսությամբ: Դեռ պատերազմի սկզբին համոզված էր, որ հաղթանակը մերն է լինելու և արդեն իսկ մտորում էր, ռազմական գործողությունների ավարտից հետո , արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացման ուղիների մասին:

-Պատերազմը վաղը կավարտվի, իսկ մենք շրջափակման մեջ ենք լինելու դեռ երկար,- ասում էր:-Այսօրվանից պետք է մտածել, թե ինչպես ենք ապրելու: Այսօր մենք հաղթում ենք, բայց վաղը կարող է կրկին ինքնապաշտպանության խնդիր ծագել և խրամատներ փորելու հարց առաջանա, պաշտպանական ամրություններ կառուցելու խնդիրներ ունենանք, տեխնիկա անհրաժեշտ լինի: Հայաստանում պետք է զարգացնել հատկապե՜ս ռազմական արդյունաբերությունը…

Հայոց հողը, երկիրը անբացատրելի զգացմունքներ և խորհուրդներ էին առաջացնում քո մեջ: Մե՜զ համար գուցե անբացատրելի: Այս հողի վրա դու քայլում էիր հպարտ ու հաստատակամ, որպես քո երազած Մեծ Հայքի քաղաքացի,տեր: Պահանջում ու պարտադրում էիր մաքուր պահել նրա ցանկացած թիզն ու անկյունը` հարազատ տան պես:
Սովորական սեր չէ, որ տածում էին զինվորներդ` գաղափարական զինակիցներդ քո` գաղափարախոս հրամանատարիդ նկատմամբ` հեզությամբ ու սրբությամբ ընդունելով քո սահմանած խիստ օրինակելի կարգ ու կանոնը, բանակային վարքը ու բարքը: Եթե սկզբնական շրջանում “Ազատագրական բանակի” զինվորների դու էիր հավաքագրում, հետագայում նրանք սկսեցին որոնել, գտնել քեզ: Քո խստապահանջությունը օրենքի ուժ ուներ բոլորի համար: Իսկ նրանց մեջ քիչ չէին գիտության թեկնածուներ, արվեստագետները, կրթության ոլորտի մարդիկ, առհասարակ, մտավորականները…

Այն ժամանակ նրանք պատմում էին քո` 50- ամյա հերոսիդ լեգենդը` սկսած Վարդենիսի ինքնապաշտպանությունից մինչև Շահումյան ու Մարտակերտ: Արհամարհելով ամեն մի վտանգ` վարդենիսցիները անխռով ու աներկյուղ արածացնում էին իրենց անասունները սարերում, իսկ փախստականները` հանգիստ ու ապահով տնավորվում. Վարդենիսը Լեոնի՜դն է պաշտպանում…

Քո ահից Մարտակերտը թուրքաթափվեց:Սրբազան հպարտությամբ պատմում են, որ քո ղեկավարած ինքնապաշտպանության օրոք հակառակորդի ոչ մի տանկ չկարողացավ հատել Մարտակերտի սահմանը:Իսկ սա ԼՂ – ի շուրջ 40 տոկոսն էր…

-Նա կատարյալ էր թե՜ առօրյայում, թե՜ կռվի դաշտում, թե մարտական գործողությունները ղեկավարելիս,- ասում է կորստիդ ցավը հաղթահարել չկարողացող ընկերդ` ԵՊՀ դոցենտ, մաթեմատիկոս Նորիկ Գալստյանը: -Կատարյալ մարդ էր, կատարյալ զինվոր, կատարյալ հրամանատար: Առաջնորդ: Դժվար է նրան գերագնահատելը: Խոսքվ չես ասի: Մեծ մարդ էր, մեծ մտածող, մեծ զորապետ: Չեմ չափազանցնում: Նրա մեծությունը կարելի է բացատրել հայրենիքին ծառայելու նվիրվածությամբ: Ամեն ոք չի կարող այդպես ծառայել: Ի ծնե այդպիսի պետական գործիչ- մտավորական քիչ ենք ունեցել; Թող ինձ ներեն մեր մյուս հերոսները: Խոնարհվում եմ նրանց վաստակի և նահատակների հիշատակի առաջ, անպայմանորեն արժանիորեն գնահատում ողջերին, բայց, որպես առաջին մեծության աստղ, Լեոնիդ Ազգալդյանի տեղը, իր մարտական տրամադրվածությամբ, ոգով ու պատրաստվածությամբ, Գարեգին Նժդեհի կողքին եմ տեսնում` նույն պատվանդանի վրա…

Այն, որ Լեոնիդ Ազգալդյանը լավ գիտեր իր արժեքը, նրան բոլոր ճանաչողներն են վկայում` վերհիշելով նրա խոսքը … “Ղեկավար բոլորն էլ կարող են լինել: Սևագործներն են քիչ…” :
Մի խումբ բարձրաստիճան, պրոֆեսիոնալ զինվորականների հետ հավասարապես լծվել էր բանակի հիմքերը դնելու գործին, իսկ մինչ այդ 1990 թվականից “Ազատագրական բանակի” կազմավորմանը զուգընթաց, համախոհների հետ ստեղծեցին, ուսումնա-մարզական բազա: Համոզված էր, որ ազատագրական բանակի կորիզը պետք է բաղկացած լինի գաղափարական մտավորականներից, իսկ վերջիններիս մասնագիտական կրթություն է պետք: Սկսելով բանակի շինարարության գործը սուվորովյան սկզբունքով ` զորավարժությունների ժամանակ շատ քրտինք, մարտի դաշտում` քիչ արյուն` “պրակտիկան” անցկացրին կռվի դաշտում ` մարզանքները շարունակելով հրադադարից հրադադար:

Անցած ուղուդ մասին մտորելիս հաճախ եմ զարմանում, թե ինչու” ի սկզբանե ռազմական գործը չէիր ընտրել որպես մասնագիտություն: Հարցիս պատասխանը վերջերս կարդացի քրոջդ ամուսնուն ուղղված նամակ-տրակտատում. “կարողացիր թիկունքով կանգնել անցյալին, դեմքով շրջվել դեպի ճակատագիրը”: Քո խոսքերն են: Դու դա կարողացել էիր:Եվ այն էլ ինչպե~ս… .

Անունդ հիշելիս կամ լսելիս ժպտում եմ` հազար տարվա ծանոթ-բարեկամի պես: Ափսոս, չհասցրեցի ծանոթանալ: Իսկ քեզ ճանաչելը փառք ու պատիվ է ամեն հայի համար; Քո գործունեթության վայրը հայոց վտանգված սահմաներն ու թեժ կռիվներն էին: Անընդհատ մարտադաշտ էիր մղվում: Համոզված էիր, որ թիկունքն այս կամ այն կերպ իր հոգսը հոգալու է, բանակին հաց ու հագուստ է հասնելու: Իսկ կռվել բոլորը չեն կարող: Գիտեիր նաև` ում առաջին գիծ տանել քեզ հետ:

Դեռ այն ժամանակ մտածում էի, որ եթե Հայկի կամ Սասունցի Դավթի մասին ֆիլմ նկարեին,դերակատարումները քեզ համար պիտի նախատեսեին: Ազնվական, արքայական տեսքդ շատ էր համապատասխանում արորդու քո տեսակին: Դու բարձրացար Արցախյան վերազարթոնքի ալիքի վրա ու հավերժացար ժամանակից շուտ: Չհասցրինք արժանիորեն պանծացնել քեզ, չնայած զինակիցներդ սրբացրել էին : Դավադիր 92 թ. ամռանը “ձյուն մաղեց մեր բաց գլխին”… Քիչ է ասել դաժան ու անգութ “հունձք” կատարեց թշնամին: Զոհվեցիք մեկդ մյուսի ետևից ` Մարտակերտի հրամանատարներ` Վլադիմիր Բալայանը, Վլադիմիր Կարապետյանը, Վագիֆ Գալստյանը, Մանուկ Սահակյանը ,Դու: Սեպտեմբերին` Վալերի Ղամբարյանը … .Ի՜նչ անողոք նախճիր, ի՜նչ լկտի ու վրեժխնդիր ընտրություն…

-Ում ձեռքին է Շուշին, Արցախը նրանն է ,- կրկնում էիր աքսիոմայի պես:

Դու ճիշտ էիր: Դու այն հրճվանքը չվայելելու իրավունք չունեիր: Դու զոհվելու իրավունք չունեիր: Դու անմահության այնպիսի օրինակներ էիր տվել մարտի դաշտում, որ մահվանդ բոթը “դավաճանության “ պես հնչեց:Չէինք հավատում` ամեն մեկս փորձելով յուրովի ճշտել գույժի իսկությունը` այն ապատեղեկատվության վերագրելու անբեկանելի ցանկությամբ: Ավա՜ղ … Հեռացար` հարստացնելով ,սակայն, հայոց փառքի պանթեոնը: Հեռացար, բայց միշտ մեզ հետ ես լինելու` քո հավերժական ներկայությամբ և ուղեցույց հայացքով հսկելու ես մեր շարունակական երթը` գնահատելով անցյալը, իմաստավորելով ապագան` թույլ չտալով կրկնել անցյալի սխալներ և արժանապատվորեն առաջնորդվել մեր հզոր նախնիների` մեզ համար սահմանած ուղով,որովհետև մենք հայ ենք, իսկ “սա Հայաստան է և վերջ”:`

ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ “ՕՐ” նոյեմբերի 28-29/2012 հինգշաբթի թիվ 95