ԼԵՈՆԻԴ. ԼԵԳԵՆԴԻ ՈՂՋԱԿԻԶՈՒՄԸ…

«ԻՆՁ  ՄԱՀ ՉԿԱ, ԵՍ ՊԻՏԻ ԸՆԿՆԵՄ ԻՍԹԱՄԲՈՒԼԻ ՊԱՏԵՐԻ ՏԱԿ»

2002 թվական հունիսի 21-ը սովորական մի օր էր մայրաքաղաքում, շատ սովորական: Մտերիմներն ու զինընկերները հավաքվել էին «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում: Նշվում էր Լեոնիդ Ազգալդյանի եղերական մահվան տասնամյակը: Նշվեց, հիշեցին նրան ու նրա գործը, ըստ էության, նեղ ընկերական շրջանում: Իրադարձության լուսաբանումից անմասն մնացին զանգվածային լրատվամիջոցները, կարծես խոսքը վերաբերում էր հերթական ու խիստ ձանձրալի մի միջոցառման… բացակայում էին պետության ղեկավար այրերը, խորհրդարանականները, մշակույթի գործիչները… բացակա էր ժողովուրդը: Մեկ օր անց եթեր արձակվեց «Զինուժ» ծրագիրն էլ իր հերթին անտեսեց հերոսի մահվան տարելիցը:

«Ես կուսակցական գույն կամ երանգ չունեմ: Այս հողն է իմ գույնը»:  Սա ասվեց արտասահմանյան թղթակցին, որը փորձում էր պարզել Լեոնիդի կուսակցական պատկանելիությունը… «Երբ ձեզ կհայտնեն, թե Լեոնիդն ընկավ, չհավատաք, ինձ մահ չկա, ես պիտի ընկնեմ Իսթամբուլի պատերի տակ»:  Սա նրա հավատո հանգանակն էր և իղձը գերագույն, սակայն խոյահարվեց դավադիր կրակոցով, Արցախի նվիրական լեռնաշխարհում:

Այսօր լրացավ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 60 ամյակը: Այս անվան շուրջը զարհուրելի հետևողականությամբ հյուսվել է բութ անտարբերության և եղկելի մոռացության սարդոստայնը: Ինչու”, ինչպե”ս, հանուն ինչի”: Ում ջրաղացի ջուրը կարող է պղտորվել այս անվան “վերծանմամբ”, ո”րն է Լեոնիդի  “մեղքը”…  “կամ հանցանքը”: Հարցեր, որոնք անպատասխան են ճիշտ տաս տարի:

Ճիշտ մեկ տասնամյակ առաջ Արցախի Տոնիշեն գյուղի մատույցներում դավադիր գնդակին զոհ գնաց “Ազատագրական բանակ” զորամիավորման լեգենդար հրամանատար, “Մարտական խաչ” շքանշանի առաջին աստիճանի ասպետ Լեոնիդ Ազգալդյանը: Եղերական այս հանգուցալուծմամբ վերջ դրվեց երկրային ուղուն: Տոնիշենն այդ օրերին խորը թիկունք էր, հեռու պատերազմի դաժան թոհուբոհից, սակայն ցավալիորեն մոտ պատերազմի շուրջը հյուսվող նենգ խաղերին:

Օրեր առաջ կատաղի մարտում ընկավ Մարտակերտի մարտնչող ոգու և կամքի խորհրդանիշը`Լեոնիդի մերձավորագույն զինընկեր Վլադիմիր Բալայանը, որի միայն ներկայությունը լիուլի բավարար էր ապահովելու Մարտակերտի բնակչության արժանի դիմակայությունը: “Հարյուր տարին մեկ է ծնվում Վլադիմիրի նման մարտիկ”,- ասում էր Լեոնիդը: Բալայանը “Ազատագրական բանակի” կազմում գործող “Ազատ Արցախ” ջոկատի հրամանատարն էր: Իսկ Լեոնիդը միայն մեկ անգամ արտասվեց իր կյանքում… Վլադիմիրի գերեզմանի առջև: Եվ թող այս հուշապատումը նաև մի համեստ մոմ դառնա Վլադիմիր Բալայանի սուրբ շիրիմին: Իսկ դու… ներիր մեզ Լեոնի~դ:

“Եթե հայը պահպաներ գեղեցիկի զգացողությունը, այս չքնաղ երկիրը այսքան տարիներ չէր թողնի թուրքի ձեռքում”: Սա Արցախ մուտք գործելու պահին է ասվել: Արցախյան շարժման և երկրի անկախությանը միտված համազգային պոռթկումի օրերին կայացավ ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանի հանդիպումը նախկին այլախոհ-քաղբանտարկյալներ Աշոտ Նավասարդյանի և Մովսես Գորգիսյանի հետ: Հանդիպումը ճակատագրի թելադրանքն էր, և ժամանակը դեռ արդարացնելու էր հանդիպման խորհուրդը: Նրանք և նրանց փոքրաթիվ համախոհների գիտակցական գերագույն խնդրականը զարթոնք ապրող և փոթորկուն խանդավառության մեջ որոշակիորեն սթափությունը կորցրած ժողովրդական զանգվածներին սթափության կոչելն էր: Նրանց համար հասկանալի ու գիտակցված էր գերագույն ճշմարտությունը. Արցախի ազատագրումը կայացման մեկ հենք և հնարավորություն ունի զինված պայքարը: Լեոնիդ Ազգալդյանի և նրա համախոհների  համար հավատի ու գործողությունների կողմնորոշիչն էր` ”Հայաստանի սահմանը խախտող յուրաքանչյուր զինվոր ոսոխ է, ենթակա անհապաղ ոչնչացման` անկախ այդ զինվորի համազգեստից” նշանաբանը:  Այս գաղափարն էր, որ փրկեց Երևանը Վիլնյուսի և Թբիլիսիի խայտառակ նախճիրից: Հայկական ընդդիմության առաջնեկ “Անկախության բանակ” ռազմաքաղաքական միավորումը խորհրդային բանակի` Երևան ներխուժող հատուկ գնդի ճանապարհը փակեց մայրաքաղաքից դուրս` Նուբարաշենի մատույցներում: Այս գունդը խորհրդային տարածքներում պատժիչ գործողություններ իրականացնելու մեծ փորձ ուներ և “թրծվել էր” Վիլնյուսում և Թբիլիսիում:

1990-ի փետրվարից Ազգալդյանը սկսում է պաշտպանական  գործողությունների շարքը` հանրապետության սահմանամերձ շրջաններում բազմավորելով անհրաժեշտ ռազմամթերքն ու զինական ուժերին: Այս շրջանում է ի հայտ գալիս նրա բացառիկ զորավարական տաղանդը, որն իր մեջ ամբողջացնում էր քաղաքական իրավիճակի փայլուն գնահատումն ու դեպքերի զարգացման կանխորոշումները, ազգի ընտրյալ և մարտունակ հատվածի դերակատարման ճշգրտումը համազգային պայքարում և պայքարի ելած մարտիկների բարոյական, ֆիզիկական և մարտական պատրաստվածության  բարձրագույն աստիճանի ապահովումը: Ի սկզբանե Ազգալդյանի զինվորները  պրոֆեսիոնալ մարտիկներ էին: Նրանք մշտական ռազմամարզական մարզումների մեջ էին և ջոկատներում անդամագրվում էին միայն ու միայն որոշակի փորձաշրջան անցնելուց հետո: Եվ ամենեվին պատահական չէր, որ Ազգալդյանի պատրաստած ջոկատները մարտի դաշտում աչքի էին ընկնում գործողությունների աննախադեպ ճշգրտությամբ և հարվածային հզոր ուժով: Ժամանակ անց “Անկախության բանակը” փոխադրվում է Արցախ: Ռազմական գործողությունների ընդգրկումը մեծացնելու հեռանկարով` Ազգալդյանը ստեղծում է “Ազատագրական բանակ” ռազմական միավորումը` այստեղ գործնականում ապահովելով իր գաղափարական հաջորդ գերխնդիրը` սփյուռքի մասնակցությունը Հայաստանի ինքնապաշտպանության գործին: “Ազատագրական բանակի“ կազմում միավորված էին Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայրենասիրական ուժերը: Սա նոր, բացառիկ ներդրում էր մեր գոյամարտի տարեգրքում:

Դու գենետիկ զինվոր էիր ու զորավար, Լեոնի~դ, դու` նաիրյան հայ, դու` Նժդեհի հոգեորդի: Քո հոգեզավակ “Ազատագրական բանակը” դարձավ երրորդ հանրապետության կայացման անկյունաքարն ու որմը: Լեոնի~դ, որևէ մեկը չունեցավ քո մտքի խորությունն ու բազկի թափը: Որևէ մեկն ասկետ ու ասպետ չէր այնպես, ինչպես էիր դու… Սպասում են քեզ հայ պարմանին և պարմանուհին, որ հուշակոթողիդ առջև կարդան  Երկրի Այբուբենը: Իսկ դու, այնուամենայնիվ, ներիր մեզ, Լեոն~իդ, և երիցս փառք քո անվանը:

ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ Իրավունք թերթ 91 նոյեմբեր 2002 Թ.