ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՃԱՄՓՈՐԴՆԵՐ

ԼԵՈՆԻԴԸ   52  ՏԱՐԵԿԱՆ Է

Եթե 1992  թվականի հունիսի 21-ին չարագույժ գնդակը չգտներ Լեոնիդ Ազգալդյանին, հիմա նա 52  տարեկան կլիներ: Երկնային կյանքում շարունակվելու նախասահմանված նրա կես դարն այս աշխարհում հասցրեց անկորնչելի արժեքներ երկնել և ծնունդ տալ դրանցից գլխավորին` “Ազատագրական բանակին”, որի հիմանդիր-հրամանատարը եղավ: Ազգային մեծ իղձի մարմնացում-բանակի  ռազմական նորօրյա հաղթանակների սկիզբը դրեց և հետագայում շղթաներից ազատեց նաև հայոց պատմական որոշ տարածքներ: Առասպել – մարդու ծննդյան օրվա առթիվ տպագրում ենք նրա ընկերոջ` ՍԱՐԳԻՍ ՀԱՑԲԱՆՅԱՆԻ խոսքը:

Լեոնիդն ինձ համար զարմանահրաշ գերմարդ էր: Ես այդպիսի մարդ չեմ ճանաչել ոչ Սփյուռքում, ոչ Մուսալեռում, ոչ աշխարհի ցանկացած ծայրում: Ազգային հողին վրա բազմահազար մարդկանց հետ եմ շփվել, Լեոնիդը միակ մարդն է, որին ներկայացնելու համար բառերը չեն հերիքի: Օրվա 24 ժամը, որ ընդունված է աշխարհում, նրա համար 48 էր, 64 էր: Ինչպես էր հասցնում մի օրվա մեջ իր բոլոր գործերը տեղավորել, մարդ միայն կարող էր զարմանալ: Համակարգչային ձևով աշխատանքի էր ունակ: Իր էությամբ ստեղծող-արարող մարդ էր: Իրոք, միայն զարմանք և հրաշք էր նա:

Ես ուզում եմ կրկնել Լեոնիդի այն խոսքերը, որ նա ասաց “Ազատագրական բանակի” “Արցախի ճակատամարտի” հրամանատար Վլադիմիր Բալայանի շիրիմի մոտ. “Վլադիմիրի  նման մարդ ազգը ծնում է 3-4  դարը մեկ”: Ինքը ևս, նախասահմանված անձ լինելով, այդպիսին էր:

Ով Լեոնիդ Ազգալդյանին ճանաչում էր. Ասում էր, որ նա մեծ մարդ է: Ուրեմն նաև մեծ հրամանատար, մեծ զինվոր, մեծ գրագետ, մեծ մտավորական ու… երեխա: Նրա մեծությունը մինչև իր կյանքի վերջին պահը մնաց գագաթի վրա: Նա երբեք տատանումներ չի ունեցել, թշնամիներ` նույնպես: Ինքը ադրբեջանցիներին թշնամի չէր համարում: Գիտեր, որ նրանք մեզ չեն հասկանում և ուզում էր, որ գիտակցեն հայուն պայքարը, հայուն արդար դատը: Ռազմագերիներուն վերաբերվում էր `ինչպես մարդ իր զավակին: Այդ մարդկային վերաբերմունքը վերափոխում էր գերիներուն, նրանք համոզված էին, որ հայը իրենց իշխանություններու կողմե նկարագրավծ չէ:

Եթե Լեոնիդը կարողանար իր գործունեությունը ծավալել Արցախ աշխարհի մեջ`մենք ավելի մեծ և մշտական հաղթանակներու կհասնեինք: Նրա ստեղծած ռազմակառույցի` “Ազատագրական բանակի” նպատակը մեր բռնագրավված տարածքները թշնամուց ազատելն էր: Նա ցույց տվեց, թե ինչպես կարելի է բանակ ստեղծել և ղեկավարել այն;

Երբ Մարտակերտում, Արցախում, Շահումյանում և մյուս վայրերում  Լեոնիդի տղերքը երևում էին, մարդիկ իրենց ապահով էին զգում: Ոչ մի նշանակություն չուներ`որքան զենք ու մարտիկ կա, կարևորը նրանց ներկայությունն էր, որ արդեն իսկ հանգստություն էր ներշնչում բնակչությանը: Ուրեմն այդ մարդը ինչպես է կարողացել ինքզինքը սիրել տալ, հարգել տալ:

Իր ապրած ժամանակը Լեոնիդ Ազգալդյանն արդեն լեգենդ էր դարձել: Այդ բախտը շատ քչերին է վիճակվում: