ՀԵԹԱՆՈՍ ՈԳՈՒ ԱՆՊԱՐՏԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Լեոնիդ Ազգալդյանի մահվան տարելիցը

Պայծառ մի կյանք ապրեց Լեոնիդ Ազգալդյանը, հեթանոս մի ոգի, ազգին ու հայրենիքին կյանքը նվիրաբերած մի նվիրյալ, ով ոչ թե հրապարակներում ճառեր արտասանեց, այլ իր ետևից տարավ նրանց, ովքեր առաջնորդվում էին Նժդեհյան իմաստությամբ` հայրենիքի ազատությունը, զենք կռելով է ձեռք բերվում:

Ազգալդյանը նահատակվեց 1992թ․ ի հունիսի 21 ին: Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մատույցներում, ամեն տարի այս օրը նրա շիրիմին այցի են գալիս մարտական ընկերները, մտավորականներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, հարազատներ, քիչ թե շատ նրան ճանաչող և հայրենիքին զինվորագրված կամ պարզապես հաղթանակի ու թափված արյան գինն իմացող մարդիկ: Վեց կուսակցության ներկայացուցիչներ իրենց ուսերի վրա դեպի հավերժություն տարան, այդպես էլ ոչ մի կուսակցության անդամ չդարձած հայրենասերին, քանի որ նա իր դավանանքն ու հավատամքն ուներ` ծառայել ազգին: Եվ պատահական չէր, որ հիշատակի օրվա առթիվ նրա` թարմ ծաղիկների մեջ կորած շիրիմին այցելած մտերիմների` Դրոյի թոռ Բագրատ Կանայանի, Փիլիսոփայության ինստիտուտի գիտաշխատող Ռազմիկ Նավասարդյանի, հայտնի կինոռեժիսոր Կարեն Գևորգյանի, մանկության ընկեր Ռոմեն Եպիսկոպոսյանի և այլ երևելի մտավորականների խոսքը ավելի շուտ գաղափարների բախում էր, բանավեճ, ուր անառարկելիորեն ընդգծվում էր, թե մեր ժողովրդի ճակատագրի բեկումնային ժամանակաշրջանում նա ինչպես վճռական ընտրություն կատարեց` լինել իր ժողովրդի արժանավոր զավակն ու քաղաքացին: Ոչ բոլորին, ավելի ճիշտ եզակիներին է նման հատկանիշ տրված: Շատերին իզուր չէր թվում, թե Լեոնիդը, մինչև 88-ականների Շարժումը, մինչև «Ազատագրական բանակի» հրամանատար դառնալը, տարիներ առաջ էր պատրաստվում դրան: Վկան` զինվորական-ռազմական գործի արհեստավարժի գիտելիքը. «Ազատագրական բանակի» մարտավարության առանձին հարցերը նա այնպես էր ներկայացնում ու մեկնաբանում, որոնց պատասխաներն անգամ դժվար է գտնել ռազմական ակադեմիական գրքերում:

Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում ռադիոֆիզիկոսի մասնագիտություն ձեռք բերած Ազգալդյան-գիտնականը, լազերային տեխնիկայի և էլեկտրական ավտոմատացված համակարգերի փնտրված մասնագետը, «Ազատագրական բանակի» հիմնադիրն ու գլխավոր հրամանատարն էր, որը «Արցախի ճակատի» հրամանատար, իր զինակից Վլադիմիր Բալայանի հետ միասին բազմաթիվ գյուղերի` ազատագրումն ու պաշտպանությունն է ապահովել:

«Մի հավատացեք իմ զոհվելուն: Ես Իսթամբուլի պարիսպների տակ եմ ընկնելու»,- զինակից ընկերներին հաճախ էր կրկնում այս խոսքերը, երբ գյուղի հետևից կորցնող թշնամին հաճախ էր տարածում նրա մահվան մասին հերթական սուտ լուրը: Եվ այս խոսքերի մարգարեությունը նա ապացուցում էր կռվով, հաղթելու կամքով, հեթանոս իր էությամբ, ազգին, սեփական հող ու ջրին կառչած լինելու հավատավորի զորությամբ, հավատ, որ հորդում էր ներսում պարփակված ոգեղեն լույսից:

Լեոնիդը գիտեր, որ թույլերը հետնորդներ չեն ունենում, դրա համար նրա գերխնդիրը ուժի և միասնականության մեջ էր:

Երբ 92 – ի հունիսին 9 ին Չայլուի պաշտպանական մարտերում զոհվեց «Արցախի ճակատի» հրամանատարն ու նրա ամենամտերիմ ռազմընկերը, նրա մասին Լեոնիդը հպարտությամբ արտահայտեց այն միտքը, թե այս կարգի քաջորդիներ դարը մեկ հազիվ թե ծնվեն: Նա չգիտեր, որ ընդամենը 11 օր անց թշնամու գնդակը գտնելու է նաև իրեն:

Եվ ինչ է մահը, ընդամենը ֆիզիկականի չգոյություն: Ազգալդյան ազգանվիրյալի ոգին շարունակում է մագնիսի նման ձգել մաքրամաքուր, ուժեղ, առաքինի երիտասարդներին, ովքեր հավատում են ու գիտակցում, որ ուժով է սալարկվելու մեր ազգի գալիք ուղին, որն այնպես որոշակի էր տեսնում, և որի խորդուբորդերը սանտիմետր առ սանտիմետր հաղթահարելով` դեպի վանք տանող հավատացյալի ջերմեռանդությամբ առաջ էր շարժվում «Մարտական խաչի» 1–ին աստիճանի ասպետը` ազնվական հայն ու սուրբ նահատակը…

Սանդրո Ջուլհակյան
Հայրենիքի նվիրյալները թերթ