ԱՆԴՐԱՆԻԿԸ` ԱՎԱՆԴԱԿԱՆ

Սույն թվի հունիսի 20-23-ը Երևանում անցկացվեց Ազատագրական բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին նվիրված ձյուդոյի միջազգային հուշամրցաշար, որը տեղի ունեցավ «Դինամո» մարզական ընկերության մարզասրահում:

Հուշամրցաշարի անցկացման նպատակի, ընթացքի և արդյունքների մասին պատմում է հուշամրցաշարի կազկոմիտեի նախագահ Կարապետ Կարապետյանը,

Հուշամրցաշարը նվիրված էր Ազատագրական բանակի գերագույն հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին և նպատակ ուներ բարձրացնելու հայ ժողովրդի ու Հայոց Բանակի մարտական ոգին:

Նախ, կցանկանայի մի քանի խոսք ասել Լեոնիդ Ազգալդյանի մասին: Նա իր ռազմական գործունեությունը սկսել է որպես անկախության բանակի հրամանատար, որը կազմավորվել է 1989 թվին, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Աշոտ Նավասարդյանի ջանքերով: Հետագայում Ազգալդյանը ձեռնամուխ է եղել Ազատագրական Բանակը ռազմականն կազմավորման ստեղծմանը, որի հրամանատարը մնաց մինչև զոհվելը:

Մրցաշարին մասնակցելու հրավերք էին ուղարկել տասներկու երկրներ, սակայն հունամրցաշարին ներկա էին Վրաստանի մեկ թիմ և Ռուսաստանի երկու թիմ:

Պատճառը հետևյալն էր. Այս մրցաշարի ժամկետները չէին համաձայնեցվել ձյուդոյի միջազգային ատյաններում և մասնավորապես, Ֆրանսիայի և Իտալիայի կողմից ստացանք, բացասական պատասխան` նման պատճառաբանումով: Եվ քանի որ կազկոմիտեն որոշել էր մրցաշարն սկսել Ազգալդյանի զոհվելու օրը, հետևաբար մենք չցանկացանք կատարել ժամկետների տեղափոխում: Կազկոմիտեն նպատակ ունի նաև այս անդրանիկ մրցաշարը դարձնել ավցանդական, որպես ձյուդոյի «Ա» կարգի միջազգային մրցաշար:

Հուշամրցաշարի նախաձեռնողները եղել են ՀՀԿ նախագահ, ՀՀ ԳԽ պատգամավոր Աշոտ Նավասարդյանը և ես: Այնուհետև մենք դիմեցինք Երքաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ պարոն Բախշյանին , որը գոհունակությամբ ընդունեց մեր առաջարկը: Իսկ մամուլում նշվել է, որ նախաձեռնողը Երքաղսպոտկոմիտեն էր, որը չի համապատասխանում իրականությանը: Կազկոմիտեն ձևավորվեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի և Երքաղսպորտկոմիտեի ներկայացուցիչներից:

Հուշամրցաշարի հովանավորությունը իր վրա վերցրեց ՀՀ Պաշտպանության նախարարությունը, որը խոստացավ դառնալ հետագա տարիներին անցկացվելիք այս հուշամրցաշարի հովանավորը: Մրցաշարը պատշաճ մակարդակով անցկացնելու համար մեծ ներդրում ունեցան նաև Հայաստանի արտադրական միավորումը, Հայէլեկտրաշարժիչ գլխամասային գործարանը, «Մետաքս» արտադրական միավորումը:

Կազկոմիտեում ընդգրկված էին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վալիկո Գոմցյանը, նույն ֆեդերացիայի նախագահության անդամ Ռոբերտ Գալստյանը, Երևան քաղաքի ձյուդոյի նախագահ Ալեքսան Ալեքսաանյանը, Երքաղսպորտկոմիտեի մենամարտային ձևերի մարզիչ Հովհաննես Ավետիսյանը և ես:

Մրցումներն անցան հայ ձյուդոիստների բացարձակ առավելությամբ, որոնք նվաճեցին բոլոր մրցանակները, և ինչը Հայաստանի հավաքականի նորընտիր մարզիչ Արթուր Գևորգյանի քրտնաջան աշխատանքի արդյունքն էր:

Պատրաստեց` Հայկ Նահապետյանը