ԳԱՂԱՓԱՐԱՈՍՈՒԹՅԱՆ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԸ

Մեր անկախության պայքարի զոհասեղանին դրվեց ազգի սերուցքը: Նրանք ամենքը անփոխարինելի անհատ էին, սակայն որպես գաղափարի զինվոր, գաղափարակիր, գաղափարախոս` առանձնանում էր Լեոնիդ Ազգալդյանը:

1989 թվականին Երևանը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունների շեմին էր: Ժողովուրդը վճռականորեն տրամադրված էր պայքարել իր թեկնածուների օգտին: «Ղարաբաղ» կոմիտեն Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ առաջ էր քաշում «իր» գաղափարները և իր անդամներին: Այն ժամանակ, սակայն մենք, շատ բան չգիտեինք և հավատում էինք, որ կընտրվեն լավագույնները: Մեր ընտրաշրջանում դրված էր մի կարկառուն անձի թեկնածություն` ռադիոֆիզիկոս գիտնականի, ում նախընտրական ծրագիրը շահավետ կերպով տարբերվում էր մնացած թեկնածուների ծրագրերից: Այնտեղ ընդգծված էր Հայաստանի անկախության վերականգնման անհրաժեշտությունը և տնտեսության զարգացման համար մի շարք օրենքների ընդունում, ինչպես նաև ազգային բանակի ստեղծման գաղափարը: Այդ պատգամավորության թեկնածուն եղել է, ինչպես կռահեցիք, Լեոնիդ Ազգալդյանը, ում գործնական ծրագիրն ու քայլերը սեփական գաղափարն իրագործելու նպատակով չէին տեղավորվում ՀՀՇ- ականների նպատակների շրջանակներում: Ու նրանք օգտագործեցին իրենց համբավը, որպեսզի ժողովուրդն իր ձայնը չտա Լեոնիդ Ազգալդյանի օգտին: Բայց նրա ծրագրային գաղափարներն ու ներթափանցող հայացքը նախընտրական լուսանկարից թողել են անմոռանալի հետք իմ հոգու խորքում: Ինձ բախտ վիճակվեց նրան տեսնել ու լսել մինչև հոգուդ խորքը թափանցող նրա խոսքը` արդեն Արցախյան պատերազմի ժամանակ: Այդ անհատի կենսաէներգետիկան ապշեցուցիչ էր` նա քեզ դարձնում էր վստահ, վճռական` հոգու խորքերից հանելով քեզ համար դեռ անհայտ ուժեր: Այդ հանդիպումից հետո ակնառու կերպով պատկերացրի զգացմունքների ամբողջ համերգությունը, որ տարածում էին նրան հանդիպած հոգեհարազատները և, առաջին հերթին, զինվորները:

Ուշագրավ է Լեոնիդ Ազգալդյանի ջոկատի զինվոր, այժմ` «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքը.

-Նա իմ հազվագյուտ կուռքերից մեկն է: Զորեղ էր էությամբ ու ոգով, ազնիվ` հոգով: Նա կյանքիս միակ հրամանատարն է, ես` իր հավատավոր զինվորը:

Իսկ Գրիշա Բադալյանը` Մաղավուզի ջոկատի հրամանատարը, համարձակվում է նրան համեմատել Աստծո հետ:

-Ազնվագույն, մաքուր, հայրենասեր մարդ էր: Մեզ` ջոկատների հրամանատարներիս համար ոչ թե ընկեր և ուսուցիչ էր, այլ ասես Աստված, գերբնական ուժ: Անձնուրաց ու բացառիկ մարդ էր: Նրա հետ ու նրա շնորհիվ էր Վլադիմիրը և տեսականորեն, և գործնականորեն թրծվել:

Լսենք Մարգո Ղուկասյանին` գրող, Լեոնիդ Ազգալդյանի մասին «Սա Հայաստան է և` վերջ…» հոդվածի հեղինակին.

-Ես նրան հանդիպել եմ մեկ անգամ, գուցեև պակաս: Լսել եմ նրան, հետևել մտքերին, ունկնդրել նրան, հետևել մտքերին, ունկնդրել նրա հատու և խիստ մի քանի արտահայտությունները և նրա մեջ տեսել եմ երբևէ ինձ հանդիպած բացառիկ մարդկանցից: Մարդ, ով իր ներկայությամբ և խոսքով կարող է ոգի ներշնչել, իր հետևից պայքարի տանել, զգաստացնել դիմացիններին` որքան ու նրանք թվով շատ լինեն:

Լ.Ազգալդյանի մտերիմները նրան բնութագրում են նաև որպես կանխատեսող և ճիշտ կողմնորոշվող մտավորականի: Նրա այս հատկությունը և մինչև ուղնուծուծը հայրենիքին նվիրվածությունը բերեցին նրան ազգային կանոնավոր բանակի ստեղծման գաղափարին, սակայն սկզբում դա վերածվեց «Անկախության բանակ» ռազմա-քաղաքական կազմակերպության, որի հրամանատարը 1990 թվականին եղել է Լեոնիդ Ազգալդյանը: Նրա հրամանատարությամբ կազմակերպվել է ՀՀ արևելյան շրջանների ինքնապաշտպանությունը: Դրա հետ մեկտեղ նա կազմակերպեց ռազմամարզական ճամբար` դնելով, ըստ էության, հայկական պրոֆեսիոնալ բանակի հիմքերը:

1990 թվականի դեկտեմբերին Լեոնիդ Ազգալդյանի գլխավորությամբ «Անկախության բանակը» տեղափոխվեց Արցախի Շահումյան շրջան: Շահումյանում տեղացի հայրենասերներից նա կազմակերպեց երկու մարտական ջոկատ, որոնք վերապատրաստվեցին հատուկ մարմնամարզական պարապմունքների շնորհիվ և շատ կարճ ժամանակում դարձան մարտնչող ազատամարտիկներ:

Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով 1991 թվականի հունիսին, սփյուռքահայ Հովսեփ Հովսեփյանի հետ մեկտեղ, Լեոնիդ Ազգալդյանը ստեղծեց «Ազատագրական բանակ»-ի «Արցախ ճակատ»-ի ի հրամանատար նշանակվեց Վլադիմիր Բալայանը, ով դարձավ նաև Ազգալդյանի ամենամտերիմ զինակիցը: Երկուսն էլ առասպելական անձնավորություններ էին դարձել դեռ կենդանության օրոք, և դա իրենց խիզախության և անպարտելիության շնորհիվ:

Բանիմաց մարդիկ, ինչպես նաև զինվորները միակարծիք են. Գիտնական հրամանատարն էր, մտավոր բարձր կարողությունների տեր, խորությամբ տեղյակ էր հայկական հարցին, Հայ Դատին: Ուսումնասիրել էր զինվորական արվեստը, ինչը հնարավորություն էր ընձեռում հմտորեն կազմակերպել բանակի մարտական ու բարոյահոգեբանական պատրաստվածությունը, մշակել Արցախյան պատերազմի ռազմավարությունը:

Իսկ նրա ջոկատի շուրջ առասպելներ էին տարածվում` յուրօրինակ կարգապահությամբ, բարոյական կեցվածքով, մարտավարությանն անթերի տիրապետող ընտրյալներով: Նա մագնիսի պես դեպի իրեն էր ձգում մաքրամաքուր, ուժեղ կամքի տեր և առաքինությամբ փայլող երիտասարդներին: Մեջբերենք պետերբուրգցի մի հայ երիտասարդի վկայությունը. «Երկու ամիս Լեոնիդի ջոկատում մարզվում էի: Վերջում մի քանիսի հետ ինձ էլ խոտանեց: Վերադարձա Պետերբուրգ, բայց չդիմացա` նորից հետ եկա: Ինչու”: Չգիտեմ: Լեոնիդի հետ այդ երկու ամիսն ինձ փոխել, ուրիշ մարդ էին դարձրել: Մեջս ոնց-որ թթխմոր դրած լիներ: Չկարողացա անտարբեր մնալ, Հայաստանից հեռու` Պետերբուրգում, ինձ համար հանգիստ ապրել: Վերադարձա: Թող Լեոնիդի ջոկատը չլինի, մեկ այլ ջոկատ լինի: Եկա, կռվում եմ, հիմա ինձ լավ եմ զգում»:

Հատկանշենք` նա հարյուրավոր ազատամարտիկների ռազմագիտության ուսուցիչն ու ազգային-քաղաքական դաստիարակն է եղել: Իր դաստիարակած զինովորների մեծ մասը հետագայում դարձել է տարբեր ջոկատների, իսկ հետո` ԼՂՀ ինքնապաշտպանության բանակի ստորաբաժանումների հրամանատարներ:

Լեոնիդ Ազգալդյանը խորապես համոզված էր կանոնավոր բանակի ստեղծման անհրաժեշտության մեջ: Իր մասին նկարահանած ֆիլմում լսում ենք նրա մտահոգությունը.

-Մենք ունենք ազատագրական բանակ, որի թիկունքում չկա կանոնավոր բանակ, որի թիկունքում չկա կանոնավոր բանակ: Պետք է ստեղծել կանոնավոր բանակ, որպեսզի ծանր զոհերի գնով ձեռք բերածը զրոյի չհավասարվի:

Նրա և Վլադիմիր Բալայանի մահը բոլորին հանկարծակիի բերեց:

Զոհվեցին, սակայն նրանց գործն ապրում է, քանի որ ապրում և բարգավաճում է անկախ Արցախը` չմոռանալով նահատակ հերոսներին:

Էմմա Բալայան
ԴԱՍ ՀԱՅՐԵՆՅԱՑ, 15 սեպտեմբերի 2009 թվական