«ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ… ՎԵ՛ՐՋ»

Հերոսական են մարդկային այն գործերը միայն, որոնց վրա ժամանակն ու մահը իշխանություն չունին:

Գարեգին Նժդեհ

Ամեն անգամ հայազգի հերոսներին և, առհասարակ, հերոսական թեմային անդրադառնալիս ակամա հիշում եմ Բրեխտի խոսքը. «Երանի՜ այն ժողովրդին, որը հերոսի կարիք չունի»: Հազա՜ր երանի…

Հերոսը դարձել է մեր մշտական ուղեկիցը: Հերոս դառնում են ժամանակի պահանջով, ոգու թելադրանքով: Երկիրը երախտապարտ է իր հերոսներին:
Այս կամ այն հերոսին հիշելիս խոնարհվում ես հին ու նոր ժամանակների բոլոր նահատակների հիշատակի առաջ, արժանին մատուցում ողջերին: Ճշմարիտ հերոսը, Գարեգին Նժդեհի բնորոշմամբ, «ճանաչում է մի հատիկ վախ` «փոքրիկ մահով» մեռնելու վախը»:

Իր ապրած կյանքով «Ազատագրական բանակի» հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը (1942–1992) կրկին ու կրկին ամրագրում է Լեռնահայաստանի Սպարապետի բանաձևումը. «Հերոսը դա հավիտենականի կրողն ու սպասավորն է մեր անցավոր կյանքում»:

Մեր այսօրվա հաղորդումը, սիրելի հայրենակիցնե՛ր, նվիրված է Լեոնիդ Ազգալդյան հրամանատարի ծննդյան 60-ամյակին, բայց, չգիտես ինչու, անընդհատ Գարեգին Նժդեհից եմ մեջբերում կատարում:

Շատերը նրան պարզապես անվանում են Նժդեհի հոգեորդի: Ծանո՞թ էր նա Սպարապետի գաղափարներին և ռազմարվեստի, հերոսի, զորավարի ու զինվորի մասին նրա փիլիսոփայական տեսակետներին, դժվարանում եմ ասել: Բայց որ 1990 թվականի սկզբից առաջին լուրջ քայլերը կատարեց ազգային բանակ ստեղծելու ուղղությամբ` հիմնադրելով ուսումնամարզական բազա, ամեն ինչ է ասում այս ազգային, ռազմական ու պետական գործչի վարած հեռատես, նպատակամետ քաղաքականության մասին: Որ Արցախի ազատագրման միակ տարբերակը զինված պայքարն է, նա չէր կասկածում: Չէր կասկածում նաև մեր հաղթանակին: «Դու չես կարող չհաղթել,– պատգամել է նրան Սպարապետը,– որովհետև կռիվը մղվում է քո նվիրական հողի վրա, քո երկրի սահմաններում, ուր ամեն ինչ քեզ հետ է, ուր ամեն ոք և ամեն ինչ կանչում են քեզ. «Քեզ հետ ենք, հառա՜ջ»: Այդ էր պատճառը, որ «Ազատագրական բանակին» զինվորագրվել ցանկացողներից նրանց, ովքեր շտապում էին խոստովանել հրամանատարին` իրենց նվիրվածության մասին` հայտարարելով` պատրաստ ենք մեռնել Արցախի համար, Լեոնիդ Ազգալդյանը չէր վերցնում` բացատրելով. «Մեզ պետք են Արցախի համար ապրողներ»: Այսինքն` նա մերժում էր «մահ կամ ազատություն» կարգախոսը. ազատությունը նրա համար նպատակ էր, իսկ մահը բաժին էր հանել թշնամուն: Թշնամին դա լա՛վ գիտեր… Այս կարգախոսի նախնական բովանդակությունը մերժած սերո՛ւնդը կռեց Արցախի հաղթանակը…

Լեոնիդ Ազգալդյան հերոսին, որպես ապրող առասպել, կներկայացնեն նրա դասընկեր, Երևանի ֆիզիկայի ինստիտուտում` գործընկեր, իսկ ազատագրական պայքարում` մարտական ընկեր, «Արծիվ մահապարտներ» գումարտակի հատուկ «X» կործանիչ ջոկատի հրամանատար, Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն, մեծանուն ճարտարապետի թոռ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ալեքսանդր Թամանյանը և «Արծիվ մահապարտներ» գումարտակի հատուկ «X» կործանիչ ջոկատի անդամ, «Կարին» ազգագրական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

– Ինչի՞ց էր սկսվում կամ ինչի՞ց էր սնվում Լեոնիդ Ազգալդյան առասպելը:

Ա. Թամանյան – Շատ շնորհակալ եմ ճակատագրին, որ ես ապրեցի այն ազգային վերելքը, որը 1988 թվականին նշանավորեց Արցախյան շարժումը: Դա իրո՛ք համազգային պոռթկում էր, որը կարողացավ միավորել Հայաստանի և Սփյուռքի հայությանը և ի հայտ բերել այնպիսի մարդկանց, ինչպիսիք էին Լեոնիդ Ազգալդյանը և մյուսները: Պարզապես Լեոնիդ Ազգալդյանը մեծ դեր խաղաց մեր ապագա բանակի ստեղծման ճանապարհին. նրա գաղափարներից շատերը կյանքի կոչվեցին մեր բանակում, իսկ եթե բոլորը կիրառվեին, ավելի շատ կշահեինք: Հայրենական պատերազմում մենք փառավոր հաղթանակներ տարանք` փոքրաթիվ ուժերով, անփորձ, բայց հոգեպես շատ միացած: Կարողացանք շատ ավելի ուժեղ զինված, շատ ավելի հարուստ հակառակորդին ծնկի բերել և ազատագրել այն տարածքները, որոնք հիմա աշխատում ենք պահել:

Դեռ շարժման սկզբում նա հասկացել էր, որ լինելու է պատերազմ և գործելու են, ինչպես միշտ եղել է պատմության մեջ, ուժը, խելքը և հաղթանակի կամքը:

Գ. Գինոսյան – Ես նրա միակ զինվորն եմ, որին նա չհասցրեց հրամանատարել: Ես հայտնվեցի ջոկատում պարոն Թամանյանի շնորհիվ: Աշխատում էինք նույն ինստիտուտում: Լեոնիդին ծանոթացել եմ նրա զինվորների` արդեն իմ զինակիցների պատմություններով: Մարտերի ընդմիջումներին փորձում էի լրացնել այդ բացը և ստեղծել այդ մարդու կերպարը: Հետագայում շատ առիթներ եղան, որպեսզի ավելի խորությամբ ճանաչեմ ու հասկանամ նրան, գիտակցեմ, որ իրո՛ք իսկական հերոսները ծնվում, ի հայտ են գալիս, երբ վտանգվում է ազգի գոյությունը: Առօրյա կյանքում չենք նկատում այն մարդկանց, ովքեր կարող են հերոս դառնալ: Նրանք երբեք իրենց ի ցույց չեն դնում, համեստ են, աշխատասեր, ապրում են իրենց կյանքով, և երբ վտանգ է կախվում հայրենիքի գլխին, բացահայտվում են ոչ թե իրենք իրե՛նց համար, այլ շըրջապատի:

Լեոնիդ Ազգալդյան առասպելը գալիս է այդտեղից: Նա, ինչպես ասում են նրան ճանաչողները, բազմակողմանի օժտված է եղել: Բազմաթիվ մարզական ռեկորդների հեղինակ էր, ֆիզիկայի ու մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադաների հաղթող, այսինքն` բնությունը օժտել է նրան և՛ խելքով, և՛ ֆիզիկական ուժով, և՛ ոգեղենությամբ: Այդ ամենի ներդաշնակությունը, ազգին սպառնացող վտանգի պահին, ծնեց այդ առասպելը: Ինչ-որ տեղ նա մարգարեացավ` հայտնելով իր կարծիքը` այս շարժումը վերածվելու է զինված պայքարի…

– Բարեբախտաբար պահպանվել է 90-ական թվականների սկզբի մի ձայնագրություն, որտեղ Լեոնիդ Ազգալդյանը խոսում է մեր պայքարի իմաստի մասին. «Մենք մինչև հիմա հանձնել ենք հողերը թշնամուն: Դիմադրության ոգին շատ է թուլացել մեր մեջ: Այդ պատճառով էլ մեր մեջ գտնվում են մարդիկ, նույնիսկ բարձրաստիճան, ովքեր կարծում են, թե մենք պետք է հրաժարվենք Հայ դատից: Դրա պատճառն այն է, որ մեր ազգի «ինտելիգենցիան»` հիմնականում ցածր ոգու տեր անձինք, չգիտեն մարտնչելու ձևը: Գետաշենը, Արցախը, Շահումյանը, Զանգեզուրը մեր ֆորպոստն են (առաջապահ դիրքերը – Հ. Գ.): Դրանք գտնվում են անմիջական ոչնչացման վտանգի տակ: Մի փոքր կազմակերպված ուժ ամեն պահի կարող է հարձակվել և կրկնել 1915 թվականը: Դրա համար մեր ազգի տարբեր գաղափարների մարդիկ հիմա հավաքվել են և կազմում են զինված ջոկատներ: Այս ընթացքում տեղի ունեցավ սելեկցիա` ընտրում. մնացին նրանք, ովքեր իրո՛ք վեր էին կացել պաշտպանելու իրենց հողը, իրո՛ք հասկանում էին, որ չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող, իրո՛ք, որ սա Հայաստան է: Ի՜նչ էլ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները, սա Հայաստան է և… վե՛րջ: Ոչ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակել, հանձնել… Ոչ մի գաղափար չի կարող արդարացնել Շահումյան-Գետաշեն-Արցախի հանձնումը: Ստեղծում ենք մեր մարզական և գործող ճամբարները, որտեղ տեղի տղաներից առանձնացնում ենք ռազմական, զինվորական ունակություններ ունեցողներին և մարզում հատուկ ծրագրով, ստեղծում «կոմանդոսների» խմբեր, որոնք կատարում են հատուկ հանձնարարություններ` բարձր մակարդակի պատրաստվածության շնորհիվ: Մեր բանակի գործունեության հիմքում ազգային վերականգնման, ազգային անկախության, ազգային իղձերի իրականացման ծրագրեր են: Մենք պատրաստ ենք ամեն տեսակի գործողությունների` բոլոր տիրույթներում, բոլոր հայաբնակ և ոչ հայաբնակ հայկական հողերում: Իզուր չէ, որ այստեղ հավաքվում են այն հայորդիները, ովքեր հասկանում են ազգի պայքարի իմաստը: Այստեղ կան նաև Սփյուռքից, ովքեր կատարում են ուղղորդված գործողություններ: Մասնավորապես մենք աշխատում ենք «Հայ ազգայնական ճակատի» (կազմակերպություն Արցախում – Հ. Գ.) տղաների հետ: Հոգեբանական առումով մեզ համար մեծ նշանակություն ունի նրանց ներկայությունն այստեղ: Մարդիկ հասկանում են, որ իզուր չէ մեր աշխատանքը, որ սա համազգայի՛ն գործ է»…

Ինչպե՞ս էր Լեոնիդ Ազգալդյանին հաջողվել իր բանակում հավաքագրել կամավորներ և՛ Արցախից, և՛ Սփյուռքից: Հատուկ եմ ընդգծում այս փաստը. մեզանում մի սխալ տեսակետ կա, որ իբր մենք շատ անմիաբան ազգ ենք:

Ա. Թամանյան – Մենք շատ ենք սիրում մեզ քննադատել: Գուցե մենք ավելի մեծ պահանջներ ենք դնում մեր ազգի առաջ` մյուս ազգերի համեմատությամբ: Երբեմն դա հոգեբանական ինչ-որ բեռ է դառնում սերնդի վրա: Մեր գրքերում շատ է տարածված այդ գաղափարը, և նրանք, ովքեր չգիտեն ուրիշ ազգերի պատմությունները, կարծում են, թե մեր ազգի պատմությունը շատ ավելի ողբերգական է` անմիաբանության իմաստով: Մենք մեր այդ արատներից չենք ամաչում, աշխատում ենք մերկացնել, որպեսզի դրանցից վայրկյան առաջ ձերբազատվենք: Ո՞ր ազգը կարողացավ, տրոհվող սովետական ազգերի մեջ, այնքան միաբան լինել, ինչպես հայերը` երկրաշարժի, Արցախյան պատերազմի և շրջափակման պայմաններում: Այսօր նույնիսկ չենք գնահատում այն, որ ապրում ենք ավելի լավ, քան վրացիներն ու ադրբեջանցիները:

Գ. Գինոսյան – Լեոնիդը ոչ թե ինքը հավաքեց մարդկանց, այլ նրա մոտ գալիս, հավաքվում էին: Նրա թաղման ժամանակ դագաղը տանում էին վեց տարբեր կուսակցությունների անդամներ: Նրա «մագնիսը» բազմաբևեռ էր: Նա կարողանում էր ամենատարբեր մարդկանց ձգել դեպի իրեն, համախմբել մի գաղափարի շուրջ: Նա չէր փնտրում: Բոլորը գիտեին, որ կա մի մարդ, որ բարոյապես ամենամաքուրն է, ամենաոգեղենը ոգեղենությամբ: Այդ պայքարի ընթացքում արդեն մեծ փորձ ուներ և ոչ մի այլընտրանքային բան չուներ: Այսինքն` երբեք չէր երկմտում ինչ-որ վճիռ կայացնելիս. ամեն ինչ նրա մոտ ազգային հիմք ուներ: Դա էր միակ պատճառը, որ բոլորը հավաքվում էին նրա շուրջը: Վերջերս Երևանում նրա կիսանդրին բացելիս կրկին հայտնվեցին տղաները ոչ միայն ՀՀ-ից, այլև Արցախից ու Սփյուռքից: Այսինքն` մահվանից հետո էլ նա շարունակում է համախմբել հայությանը: Ինձ թվում է` նման մարդիկ միշտ պակասում են մեզ: Եվ փա՛ռք նրան, որ իր մահից հետո էլ կարողանում է ազգը համախմբել:

Ինձ համար տարօրինակ է, որ հյուրանոց կամ չգիտեմ ինչ բացելիս ժապավենը կտրողների թիվը շատ մեծ է լինում, իսկ երբ ազգային հերոսի կիսանդրի են բացում, նրանցից ո՛չ մեկը, նույնիսկ այս նախընտրական ժամանակներում, երբ թվում է, թե նրանք քաղաքական միավորներ վաստակելու համար պետք է ներկա լինեին, ո՛չ մեկը չհամարձակվեց հայտնվել: Ոչ թե ժամանակ չգտան, այլ իրո՛ք չհամարձակվեցին, որովհետև նրանք այնտեղ իրենց այնքան լավ չէին զգա, որքան կազինոները և հյուրանոցները բացելիս…

Ա. Թամանյան – Այդ պայքարն այնքա՜ն մաքուր էր իր ակունքներում… Լեոնիդի շուրջ հավաքվողները տեսնում էին, որ նրա հրամանատարության ներքո մեկտեղվում են այն սրբությունները, գաղափարները, որոնք կապ չունեն թալանի, կանխամտածված սպանությունների, այլ հանցագործությունների հետ: Ղեկավարելիս նա խստագույնս ա-ռաջնորդվում էր բանականությամբ, տրամաբանությամբ:

– Պարոն Թամանյան, կարծեք թե հակասություն կա Լեոնիդ Ազգալդյանի խոսքի և այն մեկնաբանությունների միջև, որոնք տալիս ենք նրա գործունեության վերաբերյալ կամ լսում: Նա իր խոսքում դժգոհում է հայ մտավորականությունից, բայց հայտնի է, որ նրա բանակում զինվորագրվել ցանկանում էին մտավորական կամավորականները: Ինչպե՞ս հասկանալ:

Ա. Թամանյան – Նրա ջոկատում կային տարբեր մարդիկ` գիտնականներ, նկարիչներ, ինժեներներ, նույնիսկ` բանտից նոր ազատվածներ: Նրան շրջապատել, օգնում էին ԵՊՀ ամենաազնիվ դասախոսներն ու աշխատակիցները: Նրան անչափ համակրում էր ողջ Ֆիզիկայի ինստիտուտը, որն այն ժամանակ մեր շարժման առաջնորդներից էր: Ֆիզիկայի ինստիտուտի ներդրումը շատ մեծ էր շարժման մեջ: Ցավոք, հետագայում այդ դերը նվազեց, որովհետև կառավարության ղեկավար և աչքի ընկնող պաշտոնները զբաղեցրին ոչ թե պայքարին նվիրված մարդիկ, այլ նրանք, ովքեր սկզբից ևեթ հասկացել էին, որ ջուրը պղտորվել է և կարելի է շատ շուտ ասպարեզ դուրս գալ և ինչ-որ բանի տեր դառնալ:

– ԵՊՀ-ում Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հուշ-երեկոյի ժամանակ նրա զինվորներից մեկն ասաց, որ Քարվաճառի ազատագրումն իրագործվել է նրա մտահղացմամբ, նրա ծրագրով: Պարոն Գինոսյան, հավանաբար, տեղյակ եք այդ գործողությունների ընթացքին: Ի՞նչ է տեղի ունեցել այնտեղ:

Գ. Գինոսյան – Պարոն Թամանյանն ավելի իրազեկ է այդ ամենին, որովհետև նա այդ մտահղացման հեղինակներից է եղել և մասնակիցը:

Ա. Թամանյան – Լեոնիդն իր ջոկատը կենտրոնացրել էր Քարվաճառին հարող սահմանամերձ գոտում` դեպի Փամբակ և արևելյան մյուս գյուղերի` Գյունաշլուի (այժմ` Կուտական), Դարայի (այժմ՝ Դարանակ), Մազրայի (այժմ` Մասրիկ), Կզլքենդի (այժմ` Ծափաթաղ) մոտ, որտեղ տեղակայվել էին իրեն ենթարկվող բոլոր ջոկատները: Զորավարժությունները և հետախուզական աշխատանքները կատարվում էին այդ ուղղությամբ:

Առասպելը Լեոնիդ Ազգալդյանի մասին պետք է սկսել այն բանից, որ նա առաջինն ուշադրություն դարձրեց Քարվաճառի աշխարհագրական դիրքին. եթե այն չմիացնեինք ՀՀ-ին, կկորցնեինք Արցախը: Լեոնիդն իր հետախուզական ջոկատներով ուսումնասիրում էր այդ տարածքները` դեռ ադրբեջանցիների ձեռքում եղած ժամանակ: Հետագայում, պատրաստվելով շատ կարևոր նշանակության թունելի պայթեցմանը, Երևանում մասնագետներին հանձնարարեց հաշվարկներ կատարել, որպեսզի պատկերացում կազմեր դրա հնարավոր հետևանքների մասին: Պարզվեց, որ փոքր Իստիսու տանող թունելը պայթեցնելու դեպքում մի մեծ տարածք ճանապարհային փոխադրումների համար դառնալու էր անմատչելի և, փաստորեն, բնակչությունը ստիպված էր լինելու ինքնակամ հեռանալ: Այսինքն` այդ ժամանակ Լեոնիդն արդեն ամբողջ ուշադրությունը դարձնում էր այդ տարածքին, որի ազատագրումը շատ ուշացավ: Այդ պատճառով բավական դժվարացել էր Արցախի պաշտպանությունը և իզուր զոհեր եղան: Հենց որ լուծվեց Քարվաճառի հարցը, մեր ռազմաճակատի գիծը երկու անգամ կրճատվեց:

– Պահպանված ձայնագրության մեջ կա մի կտոր նրա հրահանգներից, որը հստակ պատկերացում է տալիս, թե ինչպես էր Լեոնիդ Ազգալդյանն իր մարտիկներին ուղարկում մարտադաշտ: «Պետք է բավարարվեք այն ռազմամթերքով, ինչ ունեք ձեզ հետ: Դուք եք ապահովելու տղերքի մուտքը: Երբեք չկրակեք 200 մետրից ավելի մոտ: Մինչև նրանք ֆլանգները (թևերը – Հ. Գ.) չբացեն, ձեզ տեղ չտան խփելու, չխփեք: Այնպես չլինիի, որ մենք մեզ վրա կրակենք: Յուրաքանչյուր շարժվող բանի վրա կրակում եք: Եթե տեսնեք, որ անզեն մարդ է, չկրակեք: Իմաստ չունի անզեն մարդու վրա կրակել: Եթե փախչում է, թողեք փախչի, մի՛ փակեք փախուստի ուղղությունը»:

Պարոն Գինոսյան, ցանկալի է` խոսենք ոգեղեն հարցերի շուրջ: Մեր զրույցի սկզբում Նժդեհից մեջբերումներ արեցի: Դա պատահական չէր: Գարեգին Նժդեհը ժամանակին գրել է. «Հերոսը բանակի սիրտն է: Հանճարի համար պատերազմն ամենից առաջ մտքի գործ է: Հաղթանակ կարելի է շահել առանց հանճարի: Իսկ առանց հերոսի` երբեք»: Ո՞վ էր Լեոնիդը «Ազատագրական բանակի» համար:

Գ. Գինոսյան – Նժդեհի խոսքերն ավելի բնորոշ են Լեոնիդի համար և՛ որպես բարոյական հանճարի, և՛ ռազմական հանճարի, և՛ հերոսի` միաժամանակ: Ահա՛ կատարյալ առաջնորդը:

– Կատարելության դեպքում առաջնորդը դառնում է ոչ թե զորավար, այլ ռազմարվեստագետ:

Գ. Գինոսյան – Լեոնիդը, ինչպես արդեն ասացինք, կարողացավ համախմբել հայության տարբեր հատվածները: Նույն կերպ նա իր մեջ մեկտեղում էր մի քանի հատկանիշ` բարոյական, ռազմական, հերոսական և այլն: Այդ ամենը նա կարողանում էր իր մեջ ներդաշնակել միմիայն այն պատճառով, որ նա ելել էր հայրենական պատերազմի: Ինչպես ասում են` հայրենիքի չափ սրբազան է և պատերազմը հայրենական: Գաղափարապես նա հանճարեղ մարդ էր: Եվ այն պայքարը, որի ջատագովն էր ու անմիջական կազմակերպիչներից մեկը, չէր կարող այլ ելք ունենալ:

Նժդեհի շատ արտահայտություններ շատ բնութագրական են Լեոնիդի անձը Արցախի ազատամարտում ներկայացնելիս: Գաղափարական ճակատում միանշանակ առաջամարտիկ էր: Նույնը` կազմակերպչական առումով: Մեր ջոկատում ոչ ոք չէր ծխում, ոչ ոք ալկոհոլ չէր գործածում: Դա խիստ օրենք էր: Ջոկատ ընդունելուց առաջ այդ մասին նախազգուշացնում էր, որպեսզի հետագայում թյուրիմացություններ չլինեին: Շատ խստապահանջ վերաբերմունք ուներ զենքի նկատմամբ: Չգիտեմ` ուսումնասիրե՞լ էր նա Նժդեհի ուսմունքը, թե՞ ոչ, բայց համոզված եմ, որ ինչպես Մաշտոցը հայտնաբերել է հայոց այբուբենը, նույն կերպ Նժդեհը հայտնագործել է ոգեղենության այբուբենը, գտել ոգեղենության բանալին: Դա գալիս է դարերից և բնավ պարտադիր չէ Նժդեհի ուսմունքը կարդալ: Պարզապես կարդալու դեպքում շուտ ես գտնում ակունքը: Բայց եթե ոգեղեն մարդ ես, ազգի նվիրյալ ես, ինչպես Լեոնիդն էր, վաղ թե ուշ կգաս դեպի այդ ակունքները: Լեոնիդն իր ապրելակերպով, իր պայքարի ձևով, իր մտածելակերպով, ոգեղենությամբ արդեն այդ ակունքներում էր:

– Տեսաժապավենի վրա Լեոնիդ Ազգալդյանին նայելիս, որտեղ նա ձեռքն անընդհատ զենքի վրա է պահում, ակամա հիշում ես Գևորգ Մարզպետունուն: Նրա պես, գուցե նաև նրա դասերով, Լեոնիդը հայտարարել էր, որ զենքը վայր չի դնի այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ադրբեջանցին չի հալածվել հայոց սահմաններից: Նա նաև գեղագետ էր: Երբ առաջին անգամ մտել է Արցախ` ռազմական գործողություններից առաջ, նայել է բնությանը, հիացել: Ահա թե ինչ է ասել այդ առթիվ. «Եթե հայը պահպաներ գեղեցիկի զգացողությունը, այս չքնաղ երկիրն այսքան տարիներ չէր թողնի թուրքի ձեռքում»…

Ա. Թամանյան – Այդ առիթով ես ուզում եմ հիշել մի բան: Երբ զորավարժություներ էինք կատարում Կզլքենդ (Ծափաթաղ) գյուղում, հետագիծ թողնող գնդակներից չոր խոտն սկսեց այրվել: Անմիջապես դադարեցրեց պարապմունքը, և ամբողջ ջոկատն զբաղվեց հրդեհը մարելու գործով: Լեոնիդը շատ դեմ էր նաև որսին: Ասում էր` մի քանի նապաստակ է մնացել ՀՀ-ում, ափսոս են, թողեք` մնան: Ամբողջ երկիրը շատ հարազատ էր նրան, և աշխատում էր պահպանել նրա ամեն մի շյուղը: Ուսումնասիրում էր ընդերքը, էներգետիկական պաշարները, մարդկային հնարավորությունները: Ռազմական գործողությունները դեռ չսկըսված` քննարկում էր ՀՀ-ին համակրողների և նրա ապագա դաշնակիցների հարցերը, ովքեր կարող էին օգտակար լինել մեր պայքարում: Նա առնչություններ ուներ լեզգիների, թալիշների, քրդերի հետ, փորձում էր բանակցություններ վարել: Դա է ազգային բանակի հրամանատարի իսկական կոչումը: Նա պետք է լիներ այնպիսի կրթված մարդ (որպիսին, ցավոք, այսօր չունենք), որ կարողանար այդ ամբողջ գիտելիքները, գաղափարները միացնել, ծառայեցնել բանակին, ամբողջ ազգին: Դրա օրինակներից է այն ռազմական արշավախմբի երթը, որին ինձ բախտ է վիճակվել անդամակցել: Մեր ջոկատը մեկնում էր մասնակցելու Ոսկեպարի կռիվներին: Շարասյունը բաղկացած էր շուրջ երեսուն մեքենայից: Գործողությունը կատարվում էր գաղտնի. սովետական բանակը դեռ Հայաստանում էր: Շարասյունը դուրս եկավ Երևանից: Աբովյանն անցնելիս մենք շեղվեցինք ճանապարհից: Լեոնիդը հրամայեց` զինվել: Անմիջապես պահակակետեր կանգնեցրեց, մյուսները հագան ռազմահագուստները, զինվեցին, զենքերը բերեցին մարտական վիճակի: Այդ գործողությունից հետո շարժվում էր մի ռազմական շարասյուն, որի դեմն առնելը մեծ դժվարությունների հետ կապված կլիներ: Շարասյունը շրջանցեց Սևանը` հավաքելով բոլոր մյուս ջոկատները: Լուսաբացին արդեն Իջևանում էինք:

Իջևան-Նոյեմբերյան հատվածը հսկում էր սովետական բանակը: Ստիպված բարձրացանք սարերը և Սևքար գյուղի ճանապարհով իջանք Ոսկեպար: Այդ ընթացքում կատարեցինք և՛ զորավարժություններ, և՛ զենքի (որոնք ինձ հետ տանում էի) փորձարկումներ: Երբ մեքենաներն իրար շատ մոտ էին կանգնում, երկրորդ վարորդն անմիջապես խիստ նկատողություն էր ստանում. «Դուք վտանգում եք միանգամից երկու մեքենա»: Այսինքն` մեքենաները մեկը մյուսից պետք է առնվազն 50 մետր հեռավորությամբ կանգնեն, որպեսզի հակառակորդի հարձակման դեպքում երկուսն էլ նշանառության տակ չհայտնվեն: Տարբեր տեղերից հավաքված փոքր ջոկատները դարձան բանակ, որը ենթարկվում էր մի հրամանատարի և անվերապահորեն ընդունում նրա բոլոր գաղափարները: Հետևելով մեր հրամանատարի ցուցմունքին` մեր ջոկատը ոչ մի զոհ չտվեց: Ունեցել ենք երկու-երեք վիրավոր: Անգամ եթե զոհեր ունենայինք, դա պետք է լիներ հնարավոր նվազագույնը:

– Լեոնիդ Ազգալդյան հրամանատարի զինվորը չէր կարող չհաղթել, որովհետև նա արդեն յուրացրել էր հրամանատարի պատգամը. «Սա Հայաստան է և… վե՛րջ»:

Ա. Թամանյան – Լեոնիդ Ազգալդյանի զինվորը հաղթում էր, որովհետև նա հաղթանակած էր գնում կռվի: Հաղթել էր գաղափարը: Բանակ գնում են հաղթանակի՛ հավատով:

Գ. Գինոսյան – Լեոնիդը ներշնչում էր` ինքդ քո մեջ նախ պետք է մահը հաղթահարես` պատերազմ գնալուց առաջ: Նրա զինվորները գնում էին հաղթելու և ապրելու: Ինչ վերաբերում է «Սա Հայաստան է և… վե՛րջ» արտահայտությանը, երևի թե հայոց շատ պատմական վայրեր կարոտ մնացին Լեոնիդի այդ վճռական խոսքին: Դեռևս շատ բնակավայրեր և պատմական սրբություններ կան, որոնք կուզենային այդ խոսքը լսել նման զորավարից, այդ վճռականությունը տեսնել նաև նրա հետնորդներից:

– Այսինքն` Լեոնիդ Ազգալդյանի զինվորը վայելում էր սխրագործության ուրախությունը…

Գ. Գինոսյան – Իհարկե, նրա ոգեղենությունը, բնականաբար, վարակիչ էր և չէր կարող նրա զինվորը նման ոգի չունենալ: Նժդեհն ասում էր` խրախուսել զինվորին` նշանակում է տասնապատկել նրա ուժը: Իսկ նա գիտեր զինվորին խրախուսել, ոգեղենություն ներշնչել` ի տարբերություն շատ զորավարների…

– Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին ԵՊՀ-ում նվիրված հուշ-երեկոյի ժամանակ Արկադի Տեր-Թադևոսյանը` «Կոմանդոսը»` մի շատ ուշագրավ ինքնախոստովանություն արեց: Ասաց, որ սովետական բանակից զորացրվելուց հետո որպես խորհրդական հրավիրվել է Հայաստան: Եկել է օգնելու նոր ձևավորվող բանակին: Եվ երբ ծանոթացել է Լեոնիդ Ազգալդյանի հետ, կանգնել է այլ փաստի առաջ` բացահայտելով ազգային ոգու և, ընդհանրապես, ոգեղենության գաղափարը:

Ա. Թամանյան – Հենց դա է սովետական բանակի և «Ազատագրական բանակի» հրամանատարների տարբերությունը: Արկադի Տեր-Թա-դևոսյանն ընդունեց դա` ի պատիվ իրեն խոստովանելով: Դա ցույց է տալիս, որ Լեոնիդ Ազգալդյանն իսկապես մեկ ուրիշ մակարդակում էր:

Գ. Գինոսյան – Նժդեհն ասում էր` կան երկու տեսակի զինվորներ. մեկին տանում են մարտի, մյուսը գնում է մարտի: Կոմանդոսն ինքը հրամանատարել է առաջին տեսակին: Երբ եկավ Հայաստան, տեսավ, որ Լեոնիդի մոտ զինվորներն իրե՛նք են գնում մարտի: Նա հասկացավ Լեոնիդի խոսքերի իմաստը, որ մեր ամենամեծ հարստությունն այս տղաներն են, ովքեր կամավոր եկել են կռվելու հայրենի հողի համար:

– Եվ ինքը նույնպես գնաց մարտի:

Ա. Թամանյան – Դա ոչ մի դեպքում չի հակասում, որ բանակում պետք է լինեն վարժված, ուսում առած, ռազմական կրթություն ստացած մարդիկ, ինչպիսիք էին Լեոնիդ Ազգալդյանը, Նորատ Տեր-Գրիգորյանը, գեներալ Դալիբալթայանը, մյուսները: Ափսոս, որ բոլոր սպաները չկարողացան մտնել մեր բանակը. իրենց ամբողջ ռազմական փորձով և գիտելիքներով շատ ավելի կհզորացնեին մեր բանակը: Մեզ հարկավոր են առաջնորդներ, բանակի հրամանատարներ, գումարտակների հրամանատարներ: Պահանջները տարբեր են:

– Որքան հայտնի է, Լեոնիդ Ազգալդյանը քիչ թվով զինվոր է կորցրել, բայց նրա համար ամենածանրը, թերևս, Մարտակերտի հրամանատարներից մեկի` Վլադիմիր Բալայանի մահն էր, որի գերեզմանի մոտ նա սրտառուչ խոսք է ասել. «Ինչո՞վ են տարբերվում անցյալ տարվա նույն այս ժամանակն ու այսօրը: Ընկճված ժողովուրդը ոտքի կանգնեց, վերցրեց զենքը և ազատագրեց իր աշխարհը: Դա Վլադիմիրի ձեռքբերումն է: Դա ամենամեծ գործն է, որ կարող է անել զորավարը: Նա ցույց տվեց մեզ` բոլորիս, որ միայն զենքով կարող ենք մեր երկիրը պահել: Նման մարդիկ ծնվում են երեք-չորս դարը մեկ: Այն, ինչ արել է այս մարդը, ամեն ոք չի՛ կարող անել: Իրոք նա բոլորին ցույց է տվել օրինակ, Զինվորի մակարդակ: Նա զոհվել է, գնացել է դեպի աստվածները. նրա կարիքն այնտեղ էլ կա: Եթե ուզում եք, որ նրա հոգին կրկին վերածնվի, ուրեմն պետք է այս երկիրը պահենք: Մենք պետք է ամեն մեկս մեր հանդեպ վերաբերվենք նույնպիսի պահանջկոտությամբ, ինչպես նա: Այդ մարդը ոչինչ չի ափսոսացել` ո՛չ ընտանիք, ո՛չ առողջություն, ո՛չ միտք, ո՛չ էներգիա, ո՛չ ժամանակ: Ոչինչ չի խնայել ձե՛զ համար, ա՛յս հողի համար: Ընդգծեմ` այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի: Շատ կարևոր հարցեր են լուծվում այստեղ. սա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ»:

Ա. Թամանյան – Ցավոք, չձայնագրվեց Լեոնիդ Ազգալդյանի մյուս խոսքը` Հայրապետյան Սլավիկի գերեզմանի մոտ: Նա մեր առաջին զոհված զինվորն էր, խորհրդային բանակի սպա` կապիտան: Միացել էր Լեոնիդի բանակին: Եվ, փաստորեն, իր մահով նա ապահովեց մյուս ընկերների, այդ թվում և Լեոնիդի նահանջը` Ալագյոլների լճերից: Ինքը զոհվելով` փրկել է այն զինվորներին, որոնց մեջ էին նաև այսօրվա այն գնդապետները, ովքեր ծառայում են մեր բանակում` շարունակելով կրել Լեոնիդ Ազգալդյանի գաղափարները: Չի՛ կարելի մոռանալ Հայրապետյան Սլավիկին, նրա դերը Լեոնիդի բանակում շա՛տ մեծ էր: Ափսոս, շատ կարճ ապրեց…

– Լեոնիդ Ազգալդյանի մասին խոսող յուրաքանչյուր ոք անպայման ավելացնում է «հերոս» բառը: Սակայն նա դեռևս պաշտոնապես այդ կոչումը չի ստացել…

Ա. Թամանյան – Բանն այն է, որ Լեոնիդ Ազգալդյանը զոհվեց շատ շուտ: Դեռ շատ գործեր պիտի աներ նա, շատ մտահղացումներ տարավ իր հետ: Այդ առումով` մենք շատ մեծ բան կորցրինք: Եթե նա երկար ապրեր, նրա դերը շատ ավելի կմեծանար: Անկասկած, նա արժանի է Հայաստանի ազգային հերոսի կոչմանը, որովհետև նա իսկական ազգային հերոս էր, և ես կարծում եմ, որ հերոսի կոչում չունենալը հետե-վանք է այլոց գոռոզամտության կամ ինչ-որ անուշադրության: Եթե կարգին ուսումնասիրեն Լեոնիդ Ազգալդյանի դերը, բոլորը կհասկանան, որ Հայաստանի իսկական ազգային հերոսը նա՛ է…

Գ. Գինոսյան – Լեոնիդ Ազգալդյանը պարգևատրվել է ԼՂՀ 1-ին աստիճանի մարտական խաչով, հետագայում` ՀՀ 1-ին աստիճանի մարտական խաչով: Բայց, իհարկե, եթե ՀՀ-ում գոնե մեկը ստացել է ազգային հերոսի կոչում, ապա, անկասկած, Լեոնիդն արժանի է այդ կոչմանը առաջի՛նը: Իսկ թե ինչու մինչ այժմ նման կոչում նրան չի շնորհվել, պատճառները պետք է ուրիշ տեղ փնտրել: Նրա մահից նույնիսկ տասը տարի անց քաղաքական այրերից շատերը վախենում են նրա անունից: Մի անգամ Նժդեհի մասին խոսելիս ասել եմ, որ նրանք վախենում են Սպարապետից, որովհետև նրա խոսքերը բումերանգ են: Նույնը վերաբերում է նաև Լեոնիդին. նրանք վախենում են Լեոնիդի ստվերից, կրկնում եմ՝ նրա մահից անգամ տասը տարի անց և վախենում են խոստովանել, որ կար իրենցից արժանավորը: Դա՛ է պատճառը, որ նույնիսկ նրա արձանի բացմանը, բացի փոխքաղաքապետից, ոչ մի քաղաքական այր չկար…

Ինչ վերաբերում է հերոսի կոչմանը, պալատական որոշումներով չէ, որ հերոսի կոչում են տալիս: Այդ կոչումը ժողովուրդը նրան վաղուց է շնորհել: Այդ կոչումը բոլոր ժամանակներում էլ տալիս է ժողովուրդը, իսկ այդ որոշման տակ կնիքը դնում է ժամանակը: Նույնիսկ մահը, «հանդիպելով» Լեոնիդին, «հասկացավ», որ շտապել է կամ անհուսալի ուշացել, որպեսզի նրանից խլեր անմահությունը…

– Իրոք, ժողովուրդն իր հերոսի իսկական գնահատականը տալիս է նրա կենդանության օրոք: Դա անսակարկելի գնահատական է և ամենաարժեքավորը: Հերոսներն են իմաստավորում մեր կյանքը: Հերոսը նա է, ում գնահատում է նաև հակառակորդը: Իսկ վերջինս հականե-հանվանե գիտե մեր բոլոր հերոսներին… Ցավոք, պատերազմում պարտված Ադրբեջանն այսօր պաշտոնապես ճանաչված ավելի շատ հերոսներ ունի, քան հաղթանակած Հայաստանը…

Հասմիկ Գուլակյան
«Վէմ» ռադիոկայան, 18. 12. 2002
«Հայագիտության և հայապահպանության հարցեր», հատոր Բ, 2010, էջ 456–467