Լեոնիդը, որ լիներ` շատերը նույնիսկ Հայաստանում չէին լինի. Գագիկ Գինոսյան

«Լեոնիդ Ազգալդյանն արցախյան շարժման առաջին իսկ օրից այն կարծիքին էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սահմանադրական ճանապարհով չի լուծվի, որ սա զենքի կռիվ է: Նա սկսեց մարտական ջոկատ հավաքել, իսկ ԵՊՀ-ում ստեղծվեց հանձնաժողով` իմ նախագահությամբ, որը որը պիտի զբաղվեր զենքի մատակարարմամբ: Ազգալդյանի ջոկատի հենքի վրա կազմավորվեց արդեն ազգային-ազատագրական բանակը: Այս համատեքստում պիտի ասեմ, որ ՀԱԲ-ին զինաթափելը հակազգային քայլ էր, ընդհանրապես` ՀՀՇ-ի օրոք ավելի դժվար էր այս հարցում, քան ԿԳԲ-ի: Ազգալդյանի ջոկատը, հետո` բանակն երբևէ զենքի պակաս չի ունեցել, որովհետև ինքն էր պատրաստում այդ զենքերը, հրթիռային արկերը: Զինվորի պակաս էլ չուներ` չնայած, որ ամենախիստ կանոնադրությամբ բանակն էր իրենը»,- Լեոնիդ Ազգալդյանի տարեդարձից օրեր անց լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց լեգենդար հրամանատարի ընկերը` Նորիկ Գալստյանը:

Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկեր` Գագիկ Գինոսյանը շարունակեց, որ Լեոնիդ Ազգալդյանը հիմք դրեց կանոնավոր բանակի` «ջոկատային» մտածելակերպն իրենը չէր. «Երբ իր մոտ գալիս էին ու ասում, թե եկել են հայրենիքի համար զոհվելու` նա չէր վերցնում իր բանակի կազմ. ասում էր մեզ հայրենիքի համար ապրողներ են պետք, զոհի հոգեբանությանը դեմ էր: Երիտասարդներին առանց մեկ-երկու ամիս մարզելու մարտի դաշտ չէր տանում, մինչդեռ որոշ հրամանատարներ զինվորը ձգանի տեղը չգիտեր` դեմ էին տալիս «մսաղացին»: Դրա համար էլ 27 բնակավայր է ազատել նրա 300 հոգանոց ջոկատը և ընդամենը 6 զոհ տվել, 7-րդն ինքն էր»:

«Եվ այս լեգենդար մարդը չունի Ազգային հերոսի կոչում: Ամոթ է պարտված Ադրբեջանը մոտ 100 հերոս ունի, Հայաստանը` ընդամենը 15, որից 5-6-ն են պատերազմի մասնակից, իսկ Արցախն էլ 17-ն ունի: Բայց մի 50 մարդ կա, այդ թվում` ողջ, որոնց պիտի Ազգային հերոսի կոչում շնորհել»,- նեղսրտվեց Նորիկ Գալստյանը:

«Պալատական կոչումներով չեն, որ հերոս են դառնում. բլուրին «Արարատ» լեռը ձեռք չի տալիս, որովհետև իրեն փակում է, դրա համար ուզում է այդ լեռից ազատվել: Լեոնիդը, որ լիներ` շատերը նույնիսկ Հայաստանում չէին լինի, որովհետև միշտ ասում էր.« Այս հողը ոչ ոք իրավունք չունի աճուրդի դնելու: Որևէ մեկն այն հանձնելու իրավունք չունենք»: Շատ էր ասում նաև, որ սա Արցախի հարցը չէ, սա հայկական հարց է, սա Հայաստանն է և վերջ: Ինքը կուսակցական չեղավ, բայց երբ նա մահացավ` դագաղը 6 կուսակցության ներկայացուցիչներ էին տանում»,- լրացրեց Գագիկ Գինոսյանը` պնդելով, թե պարտավոր ենք ունենալ մեր բոլոր հերոսների արձաններն ունենալ մեր քաղաքում, մեր երկրում և նրանց նրանց անուններով փողոցներ կոչել և նրանց մասին չհիշենք` հոբելյանից հոբելյան, այն էլ` շատ «աղքատ», անհողագույն, անկազմակերպ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին լրացավ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 70-ամյակը, Երևանում այն անցավ` առանց «հողագույն» միջոցառումների, փոխարենը Արցախում են մեծ շուքով նշել, որին Երևանից ոչ մի պաշտոնյա չի մասնակցել:

HayNews.am
http://haynews.am/hy/1353759331