ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

1. Հարգելի պարոն նախարար, հարգելի պարոն Սիմոնյան, սիրելի մարտական ընկերներ և մասնակիցներ.

2. «Ազատագրական բանակի» հիմնադիր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի հետ իմ համար բախտորոշ ծանոթությունը տեղի է ունեցել 1990 թվականին Վարդենիսի շրջանի Փամբակ գյուղի վարժաճամբարում: Ես եզակիներից մեկն էի, ում հետ զրուցելուց հետո, հենց առաջին օրը, նա ինձ զենք վստահեց և դեռ ավելին` ինձ հետ անցկացրեց գիշերային հերթապահությունը: Այնուհետև ինձ նշանակեց հրահանգիչ, միաժամանակ նաև հրահանգիչները համարվում էին հրամանատարի տեղակալներ: Այդ օրվանից մինչև իր զոհվելը` մենք եղել ենք կողք – կողքի:

3. Նա օժտված էր ոչ միայն երևույթները, իրադարձությունները ճիշտ գնահատելու, այլ նաև մարդկանց միանգամից ճանաչելու տաղանդով: Հենց դա էր պատճառը, որ կարճ ժամանակամիջոցում կարողացավ իր շուրջը հավաքել նվիրյալների և արհեստավարժների խումբ, որպեսզի իրականացնի իր նվիրական ծրագիրը` ստեղծել մեր պատմական Հայկական բանակին արժանի հետնորդ: Հարցի կարևորությունը այն չէ, թե հիմնադրում ես զինվորական միավոր, ամենակարևորը այն է, թե ինչ արժեհամակարգ ես դնում դրա հիմքում:

4. 1991 թվականի աշնանը ջոկատը տեղափոխվեց Շահումյան, այնուհետև` Մարտակերտ, որտեղ որոշակի մարտական պատրաստություն անցնելուց հետո կազմավորվեց «Ազատագրական բանակի» Մարտակերտի ջոկատը և նրա հրամանատարը դարձավ Վլադիմիր Բալայանը:

5. Այսօր տասնամյակների խորքից շատերի մոտ է գայթակղություն առաջանում իրենց անունը կապել Լեոնիդ Ազգալդյանի հետ` որպես «Ազատագրական բանակ» ջոկատի հիմնադիր: Չնայած մենք կիրառում ենք ջոկատ տերմինը, բայց այն լիովին համապատասխանում է կանոնավոր բանակի ստորաբաժանման հատկություններին: Ես, Լեոնիդ Ազգալդյանի հրահանգիչների խմբի` Ավետիսյան Վոլոդյայի, Սահակյան Մանուկի, Գրիգորյան Սեյրանի և մեր բոլոր մարտական ընկերների անունից հավաստիացնում եմ, որ նման զինված կառույցի ստեղծումը Ազգալդյանի միանձնյա գաղափարն է եղել, իսկ համախոհները աջակցել են գաղափարի իրականացմանը: «Ազատագրական բանակը» ըստ հրամանատարի` պետք է լիներ ապագա Հայոց Բանակի նախատիպերից մեկը, նա առաջիններից մեկն էր, որ հասկանում էր կանոնավոր բանակի կարևորությունը, առանց որի մեր բոլոր հաղթանակները կհավասարվեին զրոյի:

«Ազատագրական բանակ»-ին ֆինանսական և նյութական ապահովման մեծ մասի կազմակերպիչը Լեոնիդի ընկեր Նորայր Գալստյանն էր՝ Երևանի Պետական Համալսարանից:

2

6. Ահավասիկ այսօր համայն աշխարհի հայությունը հպարտանում է հաղթանակած և կայացած 20-ամյա Բանակով:

7. 1992 թվականի հունիսի 21-ին, Լեոնիդ Ազգալդյանի զոհվելուց հետո, հրամանատարությունը ստանձնեց Հովսեփ Հովսեփյանը և արդեն օգոստոսին ջոկատի հրահանգիչները Հովսեփ Հովսեփյանի հետ, Վազգեն Սարգսյանի հրամանով, ձեռնամուխ եղան «Մահապարտներ» գումարտակի մարտական պատրաստությանը և նրանց հետ օգոստոսի 30-ին մեկնեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի ճակատ, որտեղ այդ պահին դրությունը օրհասական էր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանական բանակի այլ զորամասերի հետ միասին այնտեղ մասնակցում էին նաև «Ազատագրական բանակի» Մարտակերտի տղաները` արդեն որպես հետախուզական գումարտակ, որի հրամանատարը Միրզոյան Գիրոն էր: Մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ իրավիճակը կայունացնել:

8. 1993 թվականի հունվարին «Ազատագրական բանակի» Հայաստանի Հանրապետության թևը կազմավորեց առանձին հատուկ գումարտակ, այնուհետև առանձին հատուկ մոտոհրաձգային գունդ` Հովսեփ Հովսեփյանի հրամանատարությամբ և Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական ուժերի հետ միասին ազատագրեցին Քարվաճառի շրջանը, այնուհետև առաջ շարժվելով` միացան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական ուժերին: Սրանով իրականացնելով մեծանուն հրամանատարի երազանքներից երկուսը` ունենալ կանոնավոր բանակ և ազատագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև գտնվող Քարվաճառի` պատմական Հայաստանի տարածքը:

Ամենակարևոր արժեքներից մեկը, որ թողել է Լեոնիդը, դա Ազգալդյանական զինվորական դպրոցն անցած և հայրենասիրական ոգով կրթված մի քանի տասնյակի հասնող սպաներն են, որոնցից շատերն այսօր էլ ծառայում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տարբեր գերատեսչություններում:

Եթե իմ ծնողները ինձ տվել են կյանք և սովորեցրել հայրենասիրություն, աշխատասիրություն, ապա պարոն Լեոնիդն ինձ տվել է արժանապատիվ ապրելու և ծառայելու հմտություններ:

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

30.11.2012 Երևանի Պետական Համալսարան