ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԸ ՏԵՐՅԱՆԱԿԱՆ «ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ

ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի 1914թ. նշանավոր դասախոսության՝ «Հոգևոր Հայաստան» գրքույկը բանտում կրկին կարդալու բախտառիթն էի ունեցել: Մեր ապրած ժամանակների մասին մտորելու յուրաքանչյուր պահին ինձնից անբաժան այս գրքույկում Հայաստանի մասին Տերյանի արտահայտած մտահոգությունները՝ 2012թ. հունիսի 21-ին, Ազատագրական Բանակի լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի՝ մեզնից անդարձ բաժանման 20-րդ տարելիցին վերստին չհիշելն ինձ անհնար թվաց:

Տարիներ առաջ Տերյանի այս գործի վերստին լույսընծայումը նախաձեռնող ընկերս՝ Միքայէլ Հայրապետեանն իր նախաբանում նշել էր, որ «…մեծ բանաստեղծի արտահայտած մտահոգությունները նույնքան հրատապ են այսօր, ինչքան Մեծ եղեռնին նախորդած ամիսներին: Այս գործն իր առանցքայնությամբ համեմատելի է միայն Մովսես Խորենացու «Հայոց պատմության», Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրիի» հետ»` եւ … հասցեագրվում է նրանց, ովքեր աչք ունեն տեսնելու եւ ականջ՝ լսելու համար»:

Այս ամենն ինձ մտածել տվողը, հիրավի, իմ՝ Հայաստան և ի՛մ Հայաստան ոտք դնելու առաջին իսկ օրերից ճանաչածս ու մինչև զոհվելը իր կողքին լինելուս պատվին արժանացրած մեծ հայորդի Լեոնիդ Ազգալդյանին բոլորիցս խլած հունիսի 21-ի եղերական օրը եղավ: Նրան հիշելու եկած՝ մեր երկրի և ժողովրդի առկա վիճակից մտահոգություն արտահայտող բոլորի զրույցների («եթե հիմա Լեոնիդը լիներ», «ախր նա բոլորովին ուրիշ տեսակի մտավորական էր», «մեզ հենց իր տեսակն է պակասում» սկզբնաբաններով) տարափի տակ հիշեցի նաև հայոց մի այլ մեծության՝ Ռաֆայել Իշխանյանի հետևյալ իմաստախոսությունը.«…Ես գյուտ չեմ անում՝ խոսելով հայ մտավորականության, նրա մեծագույն մասի պոռոտախոսության եւ ապազգային ու անբարոյական կեցվածքի մասին… Եկեք լրջորեն մտածենք, թե ինչ պետք է անել, որ նոր եղեռն չլինի: Հավատացեք, հնարավոր է դա անել: Պետք է հրաժարվել արդեն դեպի ահավոր աղետ մեզ առաջնորդած ճանապարհից: Պետք են ոչ թե հայհոյանքներ, մեր մեծագույն դժբախտությունը «լիրբ աշխարհին» բացատրելու ջանքեր, այլ նախ եւ առաջ մեր գործած սխալների մանրակրկիտ քննություն, համարձակ գնահատում… Լրջություն է պետք…»:

Մեր օրերի ամենադիպուկ գնահատականը Լեոնիդի շիրիմին ծաղիկ դնելու եկածներից արցախյան ազատամարտում որդուն կորցրած մի հայ մոր՝ «եղեռն չէ՞ սա, երբ մարդիկ իրենց պապենական օջախը թողնում հեռանում են երկրից»՝ հիրավի դաժան խոսքերն էին: Եթե Լեոնիդի օրոք Հայաստանի սահմանները պաշտպանելու համար ոտքի ելած հազարներից ու իրենց զավակներին ռազմաճակատ կամավոր ուղարկածներից շատերն այսօր, Հայաստանի սահմանները չգիտես ում հույսին թողած, հեռանում են երկրից, սա, այո՛, կարելի է եղեռն կոչել: Այսինքն՝ ասվածը մեր առօրյայի՝ հենց իշխանյանական բնութագրմամբ «համարձակ գնահատումն» է:

Մեր օրերի եղեռնը արտագաղթն է, և սա ակնբախ է: Հայրենիք տեղափոխվող հայիս համար անելիքներից առաջինն իր երկրին պիտանի լինելն էր կամ՝
«Ապրել, ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս քո սեփական ծանրությունը,
Ապրել, ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս քո սեփական մանրությունը» սևակյան տողերում արտացոլվածով ապրելը գոնե: Հայն այսօր իր հայրենիքում հակառակ վիճակում է և այդ պատճառով էլ իր բնօրրանից չվում է անհայտ ուղղությամբ: Եթե հայ մարդու համար ստիպողաբար նախընտրելին Լոբանով-Ռոստովսկու հորինած «Հայաստանն առանց հայերի» դավադիր ծրագիրը հլու-հնազանդ կատարողների ստվարացող շարքերում հերթագրվելն է, ապա ազգի առողջ ուժերին մնում է Լեոնիդ Ազգալդյանի «Սա Հայաստան է և վերջ» կենսահաստատ գաղափարը կյանքի կոչելու համար սկսել դիմադրել այս «նոր եղեռնին»:

Հենց այս առումով է, որ, Լեոնիդ Ազգալդյանի կերպարն աչքի առաջ ունենալով, հարկավոր է նորովի վերընթերցել Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստանը»:
88-ին շատ-շատերի համար Արցախի պայքարը Թատերական հրապարակ միտինգի գնալն է եղել, ոմանց համար՝ ճառեր արտասանելը։ Դեռ այն ժամանակ Լեոնիդն ընկերներին ասել է. «Այս պայքարը զինված պայքար է դառնալու, պետք է պատրաստվել դրան»։ Ու պատրաստվել է… համախոհների հետ պատրաստվել է։

Տերյանը գրում է. «… Բնական է դրա համար, որ մենք անկարող ենք այդ խնդրի մասին սառնասիրտ խոսել, հանգիստ մտածել: Ավելին կասեմ, մեզ մի տեսակ սրբապղծություն է թվում, երբ մարդիկ մեր ազգի՝ տարիներով ու տասնյակ տարիներով փայփայած գաղափարին մոտենում են սառը մտքով, անտարբեր գիտնականի ոճով: Մենք ուզում ենք ճչալ, որովհետեւ երբ ցավ ես զգում, խոհեմ լինել չես ուզում. մենք ուզում ենք աղաղակել, որովհետեւ երբ սիրելին տանջվում է, խոհեմության խորհուրդներն անզոր են, իսկ այդ աղաղակի ապարդյուն լինելու մասին չեն մտածում: Օտարներն անգամ վարակվել են հաճախ եւ վարակվում են մեր օրերում մեր այդ հիվանդագին զգացումներով եւ սառը դատողի եւ տրամաբանորեն մտածողի փոխարեն՝ դառնում են մասնակից այդ տարերային բաղձանքներին»:

Լեոնիդն ասում էր. «Մենք մինչև հիմա միայն հանձնել ենք հողերը թշնամուն՝ մեր գյուղերը, հողերը և հոգեբանությունը այնպիսին է, որ դիմադրողական ոգին շատ թուլացել է ազգի մեջ։ Այդ պատճառով էլ նույնիսկ գտնվում են մարդիկ, որոնք, լինելով բարձրաստիճան պաշտոնյաներ, մտածում են թե մենք պետք է մեր Հայ Դատից հրաժարվենք։ … Իսկ այստեղ, փաստորեն, ֆորտպոստն է մեր ազգի՝ Գետաշեն, Շահումյան, Արցախ, մնացած վայրերը, ինքը՝ Զանգեզուրը։ Դրանք գտնվում են անմիջական ոչնչացման վտանգի տակ և դրանք դա¬տարկ խոսքեր չեն, այլ իրոք այդպես է։ Ցանկացած պահի մի փոքր կազմակերպված ուժ կարող է կտրել-անցնել, կատարել հարձակում և կրկնել 1915 թիվը, հեշտությամբ կատարել»:

Տերյանը գրում է. «…Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետեւանք էլ ունենա՝ միեւնույն է – (…) «Հայաստանը պետք է ազատվի». անդրդվելի մի պնդում է սա, որի հանդեպ ոչ մի ուժ չի կարող կանգնել, որին ոչ մի արգելք չի կարող կասեցնել: Եվ հասկանալի է դա: Չէ՞ որ ամեն մի հայ մտավորականի, ոչ միայն մտավորականի, այլեւ ամեն մի հայ մարդու համար այդ հարցը սրբազան մի ավանդ է դարձել, նվիրական մի տվայտանք, ամեն մի հայ մարդու առջեւ ծառացել է իր եղերական, արյունաներկ պատկերով: Մի՞թե կարող ենք սառնասիրտ լինել մենք, երբ այժմ դրված է այդ հարցը, երբ կանգնած ենք նրա այս կամ այն լուծման հանդեպ: Մի՞թե իրավունք ունենք մենք տարակուսելու կամ տատանվելու. պետք է հավատալ, պետք է հուսալ լիասիրտ, պետք է տենչալ սրտի բոլոր զորությամբ եւ մեր բոլոր կարողությամբ ձգտել, որ այժմ վերջնական կերպով լուծվի այդ արյունլվիկ հարցը:
Սակայն դրանով չի վերջանում մեր անելիքը. դա միայն նախադուռն է մեր ապագա հայրենաշեն, ազգակառույց գործի»:

Իսկ Լեոնիդն իր կամ Տերյանի խոսքը շարունակում է այսպես. «Դրա համար մեր ազգի մարդիկ հավաքվել են հիմա և տարբեր գաղափարների տակ կազմում են զինվորական, զինված ջոկատներ։ Այս ընթացքում կատարվեց սելեկցիա՝ ընտրում։ Մնացին նրանք, ովքեր իրոք ելել են իրենց հողը պաշտպանելու, իրոք հասկանում են, որ չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող, իրոք որ սա Հայաստան է։ Ինչ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, կամ միջազգային կամ ազգային գործիչները. Սա Հայաստան է և վերջ։»

Տերյանը գրում է. «…հայազգի ինտելիգենցիան իր ամենախոշոր ու ամենագործոն մասով ապազգայնացած է: Դա մի անժխտելի փաստ է: Ամեն անգամ, երբ դրա եւ նման հարցերի մասին խոսք է բացվում, մեր ինտելիգենցիայի որոշ մասը մատնանիշ է անում այն, որ մենք «փոքր ազգ ենք», երեւի ենթադրելով, որ բոլոր «փոքր» ազգերի ինտելիգենցիան այդպես կլինի: Սակայն, իհարկե, դա սխալ է: Այսպես ահա, այդ հայ բուրժուական ինտելիգենցիան, որ ժխտում է մեր ժողովրդի լեզուն, որ արհամարհում է մեր գրականությունն ու մամուլը (ամենաեռանդուն կերպով ձգտելով ավելի ու ավելի ցած գցել նրանց ու փոխարինել մի այլ մամուլով, որի համար ոչ մի միջոց չի խնայում), ահա այդ ինտելիգենցիան այսօր տոգորվել է մի անասելի ոգեւորությամբ, մի չտեսնված ազգասիրությամբ: Նա եւս իր լոզունգը դարձրել է «Հայաստանը»: Եվ այդ մարդիկ այսօր ամենից բարձր են ճչում Հայաստանի մասին՝ միեւնույն ժամանակ ինքնակոչ կերպով ստանձնելով ազգի ներկայացուցչության իրավունքը: Նրանք են, որ պիտի հայության պաշտպան կանգնեն, հայության բերանը լինեն… Ահա այսօր այդ մարդիկ խոսում են «Հայաստանի» մասին»:

Լեոնիդը շարունակում է. «Դա նրանից է գալիս, որ մեր ազգի մտավորականությունը հիմնականում ցածր ոգու տեր մարդիկ են, մարտնչելու ձևն ու հոգեվիճակը չգիտեն»:

Տերյանը գրում է. «… Ի՞նչ եք որոնում դուք Հայաստանում, եթե արհամարհում եք այն, ինչ հոգին եւ սիրտն է նրա: Ինչպե՞ս հավատամ ես ձեր այդ հանկարծակի, դյութական մի գավազանի շարժումով ծնված ազգասիրությանը: Դուք, որ ինքնակոչ հյուրեր եք այսօրվա արյունալի հանդեսում, մի՞թե չեք զգում ձեր դրության տարօրինակությունը, անհարմարությունը: Դուք, որ հարսանյաց հյուր եք միշտ եւ երբեք ազնիվ աշխատանքի եւ սրտակեղեք ցավի հետ լինել չկամեցաք մեզանում… Դուք, որ ժառանգ եք դարձել մեր հայրենիքի եւ երբեք չեք գնահատել նրա հոգեղեն ավանդը: Բայց կանցնի այս արյունալի հանդեսը, որի մեջ դուք ինքնակամ եւ ինքնակոչ թամադա եք դարձել, եւ կգա նորից տաժանելի ու չարքաշ աշխատանքի առօրեականը, եւ դու՛ք՝ եկվորնե՛ր, նորից կփախչեք այնտեղ, ուր ձեր որկորն ավելի կուշտ է, ուր ձեր որջն՝ ավելի տաք: Մինչեւ անգամ այսօրվա ձեր արածների համար դուք պատասխանատվությունը կնետեք նույն ձեր այսօր այդքա՜ն սիրեցյալ հայրենիքի չարքաշ ու դժբախտ, քաղցած ու հուսախաբ զավակների վրա:
Եվ դարձյալ Հայրենիքի, Հոգեւոր Հայաստանի կառուցման ծանր ու վշտալի, բայց ազնիվ աշխատանքը կվերցնեն իրենց վրա նրանք, ում դուք չեք ճանաչել երբեք, չեք ուզում ճանաչել այսօր եւ չեք կամենա ճանաչել առավել եւս վաղը: Անուններ տալու կարիք չկա, ձեր սրտին ոչինչ չեն ասի այդ անունները: …Իսկ ինչ վերաբերում է այն ազգային ինտելիգենտին, որին զայրացրել է հայ ժողովրդի ֆիզիկական գոյության վրա մտածողների մտորումը, մենք կարծում ենք այժմ նրա համար պարզ պիտի լինի, որ մենք մտահոգվում ենք այդ ֆիզիկական գոյության մասին ոչ լոկ մարդասիրական զգացմունքներից դրդված, այլեւ որոշ ազգային տեսակետ ունենալով: Մենք չէինք կամենա, որ մեր ժողովուրդը ոտնատակ գնար այս շփոթ օրերում, որ նա զոհ լիներ սխալ գաղափարախոսության, սխալ ըմբռնված ազգային իդեալի եւ վերջը հուսահատության ու հիասթափության գիրկն ընկներ»:

Լեոնիդն ասում էր. «Մենք կգնանք, կգնանք մեր բոլոր ճանա¬պարհներով, մենք պիտի քայլենք, քանի որ դրանք մեր ճանապարհներն են… Ժողովուրդը շատ մարտական է տրամադրված, ժողովուրդը (…) պատրաստ է՝ անհրաժեշտ ջանքերը դնի։ (…) մարդիկ գալիս և պատրաստ են ամեն ինչ անելու, միայն կարողանան իրենց երկիրը պահել»:

Տերյանը գրում է. «… Եվ ահա, այսօրվա ճիգերի ու ջանքերի մեջ անգամ մենք չպիտի մոռանանք, որ մեր առաջ կա դեռ մի խոշոր ու վսեմ աշխատանք, գուցե ոչ այնքան շլացնող ու փայլուն իր արտաքինով, սակայն իմաստալից եւ վեհ՝ իր ներքին բովանդակությամբ: Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով – ահա՛ ինչ եմ հասկանում ես Հոգեւոր Հայաստան ասելով»:

Լեոնիդի ասելիքն այսպես էր հնչում. «… ես ուզում եմ ընդգծել՝ այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ։ Թուրքը կկորցնի՝ ուրեմն իրենք, հայը՝ ուրեմն հայը։ Դրա համար այստեղ շատ կարեւոր հարցեր են լուծ¬վում, սա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ»։

Տերյանը գրում է. «… Քանի որ կլինեն այդ արտաքին խոչընդոտները, բնականաբար իբր քաղաքացիներ՝ մենք պետք է մաքառենք նրանց դեմ: Սակայն, բացի այդ, կա եւ ներքին կամքի խնդիր: Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլեւ իր անդամների ներքին մտավոր-հոգեկան կապով: Պետք է, բացի արտաքին հնարավորությունից, լինի եւ ներքին մի զորություն, մի հոգեւոր մղում, որ մարդկանց համախումբը ազգ է դարձնում: … Բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրա ինքնության առհավատչյաներն են: …Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք մեր հույսը եւ ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգեւոր Հայաստանի համար: …Այդ Հոգեւոր Հայաստանի կառուցումը ծանր ու տեւական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ եւ գիտակցություն… Մի՞թե անվերջ չարչարանքի եւ գերագույն մի բաղձանքի, անվերջ զրկանքների եւ վսեմ մի հավատի պայծառ պատկերը չէ մեր Հոգեւոր Հայրենիքի ասպետ-զավակների կյանքը»:

Իսկ սա թեեւ Տերյանն է գրում, բայց ինձ թվում է, թե Լեոնիդից եմ լսում. «… Եթե հիրավի այսօր պարզված է հայության սիրտը դեպի ապագան, եթե հիրավի հավատում է նա իր ապագային, … ապա նա չի նստի ծույլ եւ անհավատ, այլ կամքի մի գերագույն թափով կձեռնարկի այդ Հոգեւոր Հայրենիքի վերակառուցման:
Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել:

Մեր Հոգեւոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է, եւ այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգեւորություն է հարկավոր:

…Քննեցեք ձեր սիրտը եւ նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգեւոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար: Նա չի կենդանանա: Նա հոգո՛վ միայն կարող է կենդանի լինել:

…իր աչքերը Հայաստանի դաշտերին ու սարերին հառած հայությունը պիտի ներշնչվի մի նոր ու առավել բարձր տենչանքով, մի պարզ ու խորին գիտակցությամբ, մի անսասան բաղձանքով կենդանություն ներշնչելու մեր կիսամեռ Հոգեւոր Հայրենիքին, մեր ավերվող ու անդարձ անհետացող Հոգեւոր Հայաստանին: Չէ՞ որ նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգեւոր կորուստն անդառնալի է:

Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները՝ դրանք միշտ կան, եւ դրանց դեմ, այո՛, պետք է կռվել: Բայց նախ պետք է ներքին կամք, ներքին հավատ, անխախտ գիտակցություն. առանց այդ՝ ավելորդ է եւ արտաքին արգելքների դեմ կռվելը, ավելորդ է այդ պատնեշները ջնջելը:

…Ահա այդպիսի մի ներքին հավատ, մի խոր գիտակցություն է հարկավոր հայ մտավորականությանը: Հարկավոր է, եթե նա իրավ սիրում է մեր ժողովուրդը, մեր երկիրը: Իսկ երբ դա լինի, ես հավատում եմ, կլինի եւ Հոգեւոր Հայաստանը, կենդանի կլինի մեր Հայրենիքը, ուրեմն կենդանի կլինի եւ այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը թափում է այսօր իր արյունը»:

Սարգիս Հացպանեան
Երևան, 22.հունիս.2012 թ.
http://www.aravot.am/2012/06/22/84425/