Հայ, որը զոհվելուց հետո էլ ծառայում է ազգին

Մեր ժամանակների մեծագույն հայորդի Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին

Այսօր լրանում է Ազատագրական Բանակի գլխավոր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի՝ մեզնից ֆիզիկապես բաժանման 20-ամյա տարելիցը: Իր հետ անձամբ շփված, նրան մոտիկից ճանաչելու պատիվն ունեցած ընկեր, զինվոր, քաղաքացի, բոլորիս մոտ բարեբախտաբար եւ մշտապես առկա այն զգացումը, որ «նա կա, մեզ հետ է, մեր հոգու մեջ է» միտքը կիսողների համար մնացածից իր ոգեղենությամբ տարբերվող կարեւոր օր է այսօր:

Արցախյան գոյամարտի դեռեւս արշալույսին, հայության երեք հատվածների ամենահայրենասեր որդիներին աստվածաշնչյան «Նմանն իր նմանին է գտնում» ճշմարտությամբ սքանչելիորեն գործող ռազմական մեկ կառույցում մեկտեղելու շատ կարեւոր գործն իրականություն դարձրած Լեոնիդ Ազգալդյանը, իր հաջողած օրինակով, կարողացավ համայն հայությանը ցույց տալ այն, որ հանուն իր գոյության զոհվելու գնով ապրելու աստիճան սիրելի բարձրագույն արժեք-գաղափարն իրոք իր՝ վաղուց թեւավոր դարձած «Սա Հայաստան է եւ վերջ» խոսքերում է ամփոփված:

Նա, ինչպես իրենից առաջ նույն ոգով ու առաքելությամբ գործած Գարեգին Նժդեհը, մեզ մի այնպիսի անգնահատելի արժեքի տեր է դարձրել, որ դա, համոզված եմ, ի վերուստ վերապահված էր միմիայն հարյուր տարին մեկ ծնվածներին՝ ազատագրել, պահպանել եւ տիրոջ իրավունքով տնօրինել հայրենի հողը։ Ահա՛, թե ինչպիսի վեհ գործերից սրբազնագույնն էր Լեոնիդ Ազգալդյանի արածը՝ մեր բոլորիս փոխարեն եւ բոլորիս համար կատարված։

«Սա Հայաստան է եւ վերջ»,- ասել էր նա. այդու՝ պետք է ամեն ինչ անել՝ արժեքներից ամենաթանկի՝ պետության մեջ նրա զավակ հայ մարդու բնականոն պայմաններում ապրելու եւ արժանապատիվ կյանքով շենացնելու եւ այդպիսով ամուր պահելու սուրբ իրավունքի իրացման համար: Մեր նպատակն ու առաքելությունը պետք է սա՛ լինի, թեեւ դրա իրականացման ճանապարհը դժվարին ու փշոտ կարող է լինել, ինչից ոչ մի դեպքում պետք չէ խրտնել:

Լեոնիդ Ազգալդյանի նման պայծառ հայորդի ծնած ու սնած ազգի համար ոչ միայն անընդունելի, այլեւ ամոթալի է, երբ վերջին երկու տասնամյակում բարձր ու վսեմ դիրքերից նահանջելով՝ մեր տեղը կենդանական աշխարհին ներհատուկ գոյաբանության խայտառակ նսեմին զիջելու օրերին ենք հասել: Սա, համոզված եմ, ազգիս գոյությունը միայն ժամանակավորապես քարշ տվող մարդու կերպարով, մարդանման, բայց իրականում ոչ մարդկային անհասկանալի տեսակի, պղտորված-կեղտոտ ջրի երեսում մնալու առայժմ իրեն հաջողվող վիճակում գտնվողների կողքին, երկրի մնայուն արժեքներ ստեղծելուն ունակ մյուս տեսակի հանցավոր անտարբերության պատճառով է…, որը հույս ունեմ՝ ազգի մտավոր առողջ ուժերի զգաստանալու եւ հայ ազգային-քաղաքական մտքի զուլալման պարագայում ընդամենը օրերի ընթացքում իսպառ կանհետանա հայոց աշխարհից:

Եթե համարձակվեմ ասելու այն, որ ճանաչում եմ սեփական երկիրն ու ժողովուրդն ամեն ինչից վեր դասող, ոգեղեն արժեքներին անդավաճան ապրող մտավոր ընդունակությունների տեր բավականին մեծ թվով հայ մարդկանց, կհասկացվե՞մ, թե՞ ոչ՝ չգիտեմ, բայց ուր որ էլ գտնվեն այդպիսիները՝ ազատագրված հայկական տարածքներով հանդերձ՝ մեր փոքրիկ Արցախ աշխարհում, ՀՀ-ում, թե հին ու, ցավոք, նոր սփյուռքի որեւէ գաղթօջախում, ամեն ինչ պետք է անել մեր մաքրամաքուր բաժին՝ Հայաստանը փորձել միայն նրանցով լցնել:

Ահա այդ որակյալ տեսակի արթնացման ցանկության հանդեպ ունեցած անկեղծ հավատք եւ մեր երեխաների մաքրամաքուր երազանքներին արժանի վաղվա Հայաստանին ծառայելու նվիրման վերանորոգ ոգով եւ սրբությամբ հիշում ու հիշատակում եմ մեր ժամանակների մեծագույն հայորդի Լեոնիդ Ազգալդյանին: Հայ, որը զոհվելուց հետո էլ ծառայում է ազգին:

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆԵԱՆ

21 hունիսի 2012թ.

«Առավոտ» օրաթերթ