Չհավատա՛ք, եթե ասեն, որ մահացել եմ. Լեոնիդ Ազգալդյան

«Չհավատաք, եթե ասեն, որ մահացել եմ։ Ես կմեռնեմ Ստամբուլի պատերի տակ»: Սիրում էր կրկնել 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտակայքում զոհված արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը։

1991 թ ամռանը Ազգալդյանը ընկերոջ՝ Հովսեփ Հովսեփյանի հետ ստեղծելով «Ազատագրական բանակ» և «Անկախության Բանակ» ռազմական կառույցները և ստանձնելով դրանց հրամանատարությունը, կազմակերպել է Վարդենիսի, Քելբաջարի, Նոյեմբերյանի, Կոռնիձորի, Շահումյանի, Գետաշենի և մի շարք շրջանների ինքնապաշտպանությունը:

Այստեղ է, որ նրա մարտական ընկերները մեծ հաճույքով մեջբերում են նրա մյուս թևավոր խոսքը, որը Լեոնիդը կարողացավ ապացուցել անգամ զոհվելու գնով: «Սա Հայաստան է և վերջ …. Ո′չ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ, ո′չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել: Ոչ մի գաղափարով չի կարելի արդարացնել Շահումյանի Գետաշենի Արցախի հանձնումը, ինչպես նաեւ մնացած հայոց հողերը…»:

Այս տարի հունիսի 21–ին Լեոնիդ Ազգալդյանի զոհվելու 20-ամյա տարելիցի կապակցությամբ նրա հարազատները, ընկերներն ու գաղափարակիցները ստեղծել են www.azgaldyan.am կայքը, որում զետեղված են ռազմական այս գործչի մասին պատմող նյութեր, հազվագյուտ վավերագրական կադրեր, նրա պահպանված հոդվածներն ու հարցազրույցները:

Կայքում ընդգրկվել են նաև նրա զինակից ընկերների հուշ-հուշագրությունները արդեն իր կենդանության օրոք լեգենդ դարձած ռազմական գործչի մասին: Մեջբերումները վերցված են ազատամարտիկներ Սարգիս Հացպանյանի, Գագիկ Գինոսյանի, Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Լեոնիդ Ազգալդյանի մասին տարբեր ժամանակներում տպագրված հոդվածներից ու հրապարակումներից:

300 հոգանոց բանակով ու 27 ռազմական առումով՝ անթերի հաղթանակներով նա օտարի տիրապետությունից ազատագրեց հայկական հողեր (միայն Արցախում նրա հրամանատարությամբ 26 բնակավայր է ազատագրվել – Tert.am) և հրամանատար Վլադիմիր Բալայանի հետ միասին տարիներ շարունակ Շահումյանում ու Մարտակերտում ապրող տասնյակ հազարավոր հայ մարդկանց հույսն ու հավատն էր:

«Ազատագրական Բանակի» զինվորների անունից արձանագրում է ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը և հավելում. «Ինչպես Զանգեզուրն ենք պարտական մեծն Նժդեհին, այնպես էլ ազգային գաղափարի անմնացորդ նվիրյալ Լեոնիդին ենք պարտական Քելբաջարի ամբողջ տարածքի ազատագրումը, երկար տարիների զինվորական լուրջ աշխատանքի շնորհիվ բոլոր մանրամասնություններով հանդերձ իր նախապատրաստած ծրագրի իրականացման արդյունքում։ Նա է մեր փոքրիկ Արցախ աշխարհը հայրենիքին միացնելու նպատակով կատարված հաջող այս ռազմական գործողության պատմական հեղինակը»:

Նաև Լեոնիդ Ազգալդյանը բնութագրվում է որպես չափազանց խիստ և անգամ չնչին անկարգապահություն չհանդուրժող հրամանատար, ինչը չէր խանգարում, որպեսզի նրանից ոչ թե վախենային, այլ հարգեին: Կարգապահությունից զատ նրան հիշում են իբրև ծայրահեղ բարի մարդու, ով կարող էր իր՝ խրամատում քնած զինվորին ուղարկել քնելու և նրա փոխարեն կանգնել մարտական հերթապահության:

«Շփվելով հետը՝ ես զարմանում էի նրա՝ այդքան գիտակ լինելուց, աշխատանքից, նրա պատրաստվածությունից: Նրա կերպարը մեզ համար որպես օրինակ էր ծառայում: Եվ այսօր շատ կարևոր կլիներ, որ նրա փորձը մեր բանակում ուսումնասիրեին», – սա, ինչպես նաև այն, որ Լեոնիդ Ազգալդյանն իրենից հետո թողել է փորձառու հրամանատարների մի ամբողջ սերունդ, արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի գնահատականն է:

Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանից Երևանի ֆիզիկայի ֆակուլտետ տեղափոխված ռադիոֆիզիկոսի մասնագիտությամբ Լեոնիդ Ազգալդյանը և իր տղաները սկզբնական շրջանում կռվում էին իրենց իսկ ստեղծած ինքնաշեն զենքերով, և Լեոնիդը վստահ էր, որ Հայաստանն ու Արցախը պետք է ունենան ռազմական արդյունաբերություն:

«Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան: «Ազատագրական բանակի»-ի հիմնադիրն ու հրամանատարը նախևառաջ բարոյական հանճար էր` հոգու հանճար: Ասում են մարտը հաղթելու համար հերոս և հանճար է անհրաժեշտ: Որպես իսկական առաջնորդ նա հայտնվեց, երբ իր կարիքն էր զգացվում, երբ հայրենիքն էր վտանգված… Նա չէր փնտրում մարտիկներ, այլ նրանք էին փնտրում զորավար` նման առաջնորդ»,- «Մահը չունի ավելի մեծ թշնամի, քան մարդը, մարտիկը` անմահության թեևածող» վերտառությամբ իր հոդվածում գրում է ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը, ով Լեոնիդի ջոկատ էր գնացել նրա մահվանից մեկ ամիս անց:

«Ես չգիտեմ ով է մեղավոր, որ Լեոնիդը զոհվեց, բայց մի պահ խենթանում եմ, և ասում երանի … երանի, որ զոհվեց ռազմի դաշտում, դարանակալ գնդակից և ոչ դարանակալ դեղահաբից: Միևնույն է նա պիտի զոհվեր, որովհետև նրան չէին ների: Չէին ների նրան հատկապես իր բարոյական հանճարի համար: Բայց Լեոնիդը մահից հետո էլ առավել կենդանի է քան բազում պաշտոնյաներ … », – գրում է Գագիկ Գինոսյանը:

Նրա գնահատմամբ՝ այն ինչով տարբերվում է այսօրվա խաղաղությունը անցյալ պատերազմից, դա Լեոնիդն է: Եվ ոչ թե նրա ֆիզիկական, այլ՝ նախևառաջ, հոգևոր բացակայությամբ:

http://tert.am/am/news/2012/07/02/leonid-azgaldyan/